Ինչի՞ հետևանքով են ընդդիմադիր պատգամավորները զրկվում պատվիրակություններում ընդգրկվելուց. ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս. «Ժողովուրդ»


Ինչի՞ հետևանքով են ընդդիմադիր պատգամավորները զրկվում պատվիրակություններում ընդգրկվելուց. ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 5 09:50 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, հրահանգներ է տալիս ԱԺ աշխատակազմին, որ ընդդիմադիր պատգամավորներին զրկեն գործուղումներից կամ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-18-ը ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը Վարշավա են գործուղվելու՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմ՝ պարզելու, թե ինչու են պատվիրակությունների կազմում միայն իշխանական պատգամավորներն ընդգրկված լինում` հաշվի առնելով, որ բոլոր երեք խմբակցություններն էլ ունեն ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում՝ որպես պատվիրակության հիմնական անդամներ. ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չկան պատվիրակությունների կազմում։ Մեր հարցմանն ԱԺ-ից տվել են հետեւյալ պատասխանը.

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին ընդառաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հրավիրում է աշխատանքային քննարկումներ։ Ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, այնպես էլ նրան փոխարինող Ասպրամ Կրպեյանը չեն մասնակցել այդ քննարկումներին։

Հավելենք նաեւ, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանից առաջ գրավոր տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որ Ասպրամ Կրպեյանը մերժել է մասնակցել կառույցի վերաբերյալ քննարկումներին, ինչով պայմանավորված էլ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին նպատակահարմար չէ»։

Այսինքն, ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս, ինչի հետեւանքով ընդդիմադիրները զրկվում են ԱԺ պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։