Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժելու գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»


Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժելու գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 5 08:53 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով անցնող 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելու համար, ինչն էլ դատարանը բավարարել է։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։

Տեղեկացնենք, որ գործը ավարտական փուլում է, ու առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի, այն կուղարկվի դատարան։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:

Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեց Հովակիմյանին։

Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր արել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։