«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հափշտակել են բանաստեղծ, արձակագիր Մնացական Թարյանի դստեր ոսկյա զարդերն ու խոշոր չափի գումարը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ հաղորդվել է, որ բանաստեղծուհի Անահիտ Մխիթարյանի բնակարանից տարել են բավականին խոշոր՝ կես մլն ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 ԱՄՆ դոլար գումար: Ուշագրավն այն է, որ այդ գործով անցնում է բանաստեղծուհու քրոջ թոռը, ով այս պահին տնային կալանքի տակ է։
Օգոստոսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Նախաձեռնված քրեական վարույթով առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնց արդյունքում պարզվել են հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը. մեկը 72-ամյա կնոջ (Անահիտ Մխիթարյանի) քրոջ թոռն է՝ 21 տարեկան, իսկ մյուսը՝ նրա 24-ամյա ընկերը»:
2024 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում, երիտասարդները, ունենալով բարեկամի տան բանալին, բացել են այն և հափշտակել մոտ 500.000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 ԱՄՆ դոլար գումար, ապա հանցանքը թաքցնելու և քննությունը շեղելու նպատակով՝ մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և մետաղյա ձողը թողնելով բնակարանում՝ հեռացել: Սակայն իմիտացիան բացահայտվել է և նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Դատարանի որոշումներով՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Իրավապահները չէին գաղտնազերծել, թե ում բնակարանից էին հափշտակություն կատարել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ում տուն են մտել երիտասարդները»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 31․ 08․ 24 թ համարում։