Ուզում են խլե՞լ. ի՞նչ հիմքով․ «Հրապարակ»


Ուզում են խլե՞լ. ի՞նչ հիմքով․ «Հրապարակ»
Օգոստոս 30 08:32 2024

«Հրապարակը» գրում է․ Օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորեցվեցին «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարում ստադիոնում 1 մլրդ 200 մլն դրամ ներդնել: Նույն ընկերությանը՝ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրվեցին նաեւ Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեի շինությունները, որտեղ ընկերությունը, «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Սա Ռուբեն Հայրապետյանի կառուցած ֆուտբոլի ակադեմիան է: Իսկ «Հրազդան» ստադիոնը դեռ 2000-ականներից վարձակալել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, 2004 թ․ հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձեւով այն օտարվել է վարձակալին: Վաճառքի գինը՝ 87 մլն 520 հազար դրամ: Տարեսկզբին դատախազությունը հայտնեց, թե պարզել է, որ մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից 200 անգամ ցածր գնով. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ սկսվեց՝ Քրօր․ 441-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը) եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։


Մինչդեռ Աշոտ Աղաբաբյանը երեկ պնդում էր, որ ստադիոնն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը․ «Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում, եթե ես 30 տարի հարկ եմ վճարել՝ ամսական 40 միլիոն, տարեկան համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»: Հարցրինք` ինչ-որ բա՞ն եք պատրաստվում անել։ «Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն էսօր ինչ ուզում, անում է»։ Հանձնելո՞ւ եք Ձեր սեփականությունը։ «Դե, հիմի կտամ, թե կգնամ միջազգային` կդատվեմ, չգիտեմ… ո՞նց կլինի ըտենց՝ խլեն մարդու սեփականությունը»: Խոսակցություններ կան, որ նոր վարձակալը «Վիվառո» ընկերության հետ առնչություններ ունի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 08․ 24 թ համարում։