«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում նոր կարգավորումներ են գործելու, համաձայն որոնց՝ Հայաստանի տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին եւ տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Այս առիթով տարատեսակ քննարկումներ են ծավալվել՝ սկսած ծառայության գների շեշտակի բարձրացման վտանգներից, վերջացրած այլ հարցերով։
Արցախի պատգամավոր Նելլա Գրիգորյանը նախօրեին մեզ տված հարցազրույցում ասել էր, թե նոր կարգավորումներով՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց արգելվելու է տաքսի վարել, ինչը խնդիրներ է ստեղծելու արցախցիների համար։ «Շատ լավ իմանալով, որ արցախցիներն այստեղ միայն դրանով են զբաղվում, այլ աշխատանք չկա, աշխատատեղ չկա: Սա արվում է բացառապես արցախցիների դեմ, որ անգամ հանապազօրյա հաց չվաստակենք»,- ասել էր նա։
ՊԵԿ-ից այս առիթով պարզաբանում խնդրեցինք, մեզ փոխանցեցին, որ չկա նման բան՝ ՀՀ քաղաքացիության պահանջը պարտադիր չէ․ «GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից տաքսի ծառայության պատվերներ ստացող` ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդներին հարկային մարմնում հաշվառում են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները` հարկային մարմնին տրամադրելով տեղեկատվություն տվյալ վարորդի անձնագրի կամ նույնականացման քարտի եւ հանրային ծառայության համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ-ի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի վերաբերյալ։ ՀՎՀՀ-ն հարկային մարմնի տեղեկատվական համակարգը կտրամադրի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ օտարերկրյա քաղաքացիները հարկային մարմնում հաշվառվում են ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին»։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։