Գյումրի-Վանաձոր ճանապարհին վթարի հետևանքով ընտանիքի երեք անդամների կյանք խլած «BMW»-ի վարորդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում


Գյումրի-Վանաձոր ճանապարհին վթարի հետևանքով ընտանիքի երեք անդամների կյանք խլած «BMW»-ի վարորդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Հուլիս 31 10:20 2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:

«BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Վարույթի շրջանակներում ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ «BMW X3 3.01»-ի վարորդի ինքնությունը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:

Մասնավորապես՝ չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ «BMW X3 3.01»-ի վարորդը հատել է ՀՀ սահմանը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որոշում է կայացվել` նրան ձերբակալելու վերաբերյալ, որը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նաև «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքները:

Ոստիկանությունից նաև առանձին հաղորդում է ստացվել այն մասին, որ վթարված «BMW X3 3.01» ավտոմեքենայի ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։ Այս փաստի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Հայտնաբերված նյութի բնույթը և քաշը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։