«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը եւ արցախցի իրավաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին փորձագետներից Վաղարշ Աղաբեկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները հիմնականում դրական տրամադրվածություն են ունեցել Նարինե Ավետիսյանի նկատմամբ ու կողմ են եղել նրա թեկնածությանը, իսկ Վաղարշ Աղաբեկյանն ի սկզբանե ՔՊ-ականների «սրտով» չի եղել: Երեկ՝ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունից առաջ, ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ է արել եւ, ի վերջո, թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց:
Հավանաբար, իշխանականները փնտրում են իրենց «սրտի» թեկնածուին, ով անմնացորդ լոյալություն կցուցաբերի եւ աչք կփակի իրենց կոռուպցիոն սկանդալների վրա, բայց ընդդիմադիրների հայտարարագրերը կստուգվեն ամենայն մանրամասնությամբ»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։