Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է


Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նոյեմբեր 24 17:53 2024

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ նշված գազալցակայանից, հոսանքահարվելու հետևանքով, շտապօգնության բժիշկների թիվ 22 խումբը «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 35 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով մահացել է։

Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովսեփյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Գևորգյանն ու պարեկ Նարեկ Միքայելյանը։

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն.-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել էր։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մուրադխանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։