«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանին՝ դատարան հարցաքննության ներկայանալու համար: Ասել է թե՝ հերթական վկան, որ պետք է հարցաքննվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանն է:
Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու նաեւ վկաներ՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատված վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է:
Նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել էր ու մինչ օրս կալանքի տակ է»:
Ավելին՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։