«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահում է գրեթե 2 տարի։
2 տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել։
Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների վրա կիրառելով անթույլատրելի տեսակի նռնակ՝ այդ թվում եւ բեկորային, փորձ արվեց «ցրելու» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, եւ ընդամենը մեկ օր անց միայն լսվեց ՀՀ նախագահի ձայնը, այն էլ` կրկին ոչ հուսադրող բովանդակությամբ։
«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. մենք զգուշացրել ենք` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց իրենց պահվածքն այլ էր։ Այսօրվա միտինգի կազմակերպիչներն այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է», – ասել է Խաչատուրյանը։
Հայաստանում «ժամանակ անցկացնող» նախագահը 2023 թվականի 12 ամիսների ընթացքում ստացել է 15 մլն 794 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ նախագահի աշխատակազմից։
Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 ավտոտնակ եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում։
Անշարժ գույքերից 2 հողամասը Խաչատուրյանը ժառանգություն է ստացել 2017 թվականին, մեկը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, մյուսը Արաբկիր վարչական շրջանում։
ՀՀ նախագահին պատկանող տունը եւ ավտոտնակը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում. այս գույքերն էլ նախագահը նվիրատվություն է ստացել 2002 թվականին։
Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում են 40 մլն դրամ եւ 1 հազար 200 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 1 մլն 200 հազար դրամ եւ 18 հազար դոլար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 06․ 24 թ համարում։