Սեպտեմբերի 22-ին եղբորս հարսանիքը պիտի լիներ, բայց այդ օրը նրան ու ամուսնուս հուղարկավորեցինք․ Արցախից բռնի տեղահանված


Սեպտեմբերի 22-ին եղբորս հարսանիքը պիտի լիներ, բայց այդ օրը նրան ու ամուսնուս հուղարկավորեցինք․ Արցախից բռնի տեղահանված
Փետրվար 12 23:52 2024

37-ամյա Կարենի ու 25-ամյա Գրիգորիի մտերմությունն այն աստիճան էր, որ մահն անգամ նրանց բաժանել չկարողացավ։ Սեպտեմբերի 19-ին երկուսն էլ նույն դիրքում, կատաղի կռիվ տալով տասնյակ անգամ գերազանցող ադրբեջանական ահաբեկչական ուժերի դեմ, զոհվում են։

«Ամբողջ կռիվը մեր աչքի առաջ էր, կարելի է ասել՝ մենք էլ էինք մասնակցում։ Արթուն նստած էինք, տեսնում էինք, թե ոնց են «սնարյադները» թափվում մեր դիրքերի վրա․․․ Եվ Գրիգորին՝ եղբայրս, և՛ Կարենը՝ ամուսինս, այդ օրը՝ ամսի 19-ին, նույն դիրքում են եղել՝ Կոհակի տակի դիրքում, երկուսն էլ ПК-իստ են։ Գիշերը մի կերպ լուսացրել ենք՝ ոչ մի լուր չունենալով իրենցից։ Գյուղից ով հարազատ ուներ առաջնագծում, միասին էինք, հավաքվել էինք, որ եթե մեկը դիրքերից մի լուր բերի, իմանանք։ Մեկ էլ ամուսնուս եղբայրը՝ մի համագյուղացու հետ, ներս մտավ․ մտնելուն պես ինձ ու քրոջս նայեցին։ Հարցրեցի՝ ո՞ւր ա Գրիգորին, չպատասխանեցին․․․ Մյուսներն էլ սկսեցին իրենց հարազատներից հարցուփորձ անել։ Որ մյուսների հարցերին պատասխանեցին՝ ասացին գալիս են, արդեն հասկացանք, որ Գրիգորին չկա․․․»,-արցունքները կուլ տալով՝ «Փաստինֆո»-ին պատմում է հայրենի Ճարտարից բռնի տեղահանված, մեկ օրում ամուսնուն ու եղբորը կորցրած Ժաննան։

Կարենի մասին այդ օրը Ժաննային ոչինչ չեն ասում․ ինքը շարունակում է հույս փայփայել, որ ամուսինը ողջ կգտնվի․

«Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, Կարենի մորաքրոջ տղայից իմացա, որ Կարենն էլ չկա․․․ Հարցրեց տեգրոջս տեղը, ասացի՝ գնացել է Կարենին փնտրելու, ասաց՝ գնացել ա ի՞նչ անի, բոլորին տարել են Մարտունի․․․»։

Ժաննան խոստովանում է՝ 2020թ․-ից հետո սկսել էր վախենալ պատերազմից։ Իրենց տունը Կոհակ սարի ուղիղ դիմացն էր՝ բարձրադիր տեղում, ուստի 44-օրյա պատերազմից հետո միշտ մտածում էր, որ ադրբեջանցիները խփելու են իրենց տան վրա։ Ասում է՝ գուցե դա է պատճառը, որ ոչ ամուսինը, ոչ էլ եղբայրը սեպտեմբերյան սպասվող աղետի մասին իրեն ոչինչ չէին ասում։

«Սեպտեմբերի 15-ին էին իջել դիրքերից Գրիգորին ու Կարենը։ Այդ անգամ ոտքով են եկել․ ես էլ զարմացած հարցրել եմ, թե ինչու են ոտքով, ոչ մեկը հստակ ոչինչ չի ասել․․․ Փաստորեն, պատերազմի վտանգը շատ մեծ էր արդեն իսկ։ Ամսի 16-ին նորից համար 1-ով գնացել էր ամուսինս․ գիշերը մեքենա եկավ Կարենի հետևից, ու առաջին անգամ էդ պահին սկսեցի լացել․ արցունքներս ինքնաբերաբար հոսում էին, կարծես մի վատ բան կանխազգայի․․․ Մտածեցի՝ ի՞նչ պիտի լինի, որ էս գիշերով մեքենա է եկել տղաների հետևից։ Կարենը երկու օր անց՝ ամսի 18-ին տուն եկավ, հարցեցի՝ ինչ է եղել, ասաց՝ ոչ մի բան, ուղղակի վաղը հերթապահ եմ, էլի պիտի գնամ։ Արդեն իրենց զորամասից հանել էին զորքը․ ով դիրքում էր՝ դիրքում էր, ով չէ՝ Ճարտարի ակումբում էր։ Քանի որ ամսի 22-ին էլ Գրիգորիի հարսանիքը պիտի լիներ, ասացի՝ Կարեն, ես էլ հետդ իջնեմ, որ նախապատրաստական աշխատանքներ կան անելու, անենք։ Երևի ժամը 12-ն էր իջանք ակումբ։ Նոր էինք հասել, որ սկսեցին խփել արդեն մեր դիրքերի վրա, գյուղի վրա։ Էդ պահից սկսած արդեն շատ քիչ բան եմ հիշում։ Մենակ հիշում եմ այն, որ ասել եմ՝ Գրիգորի, դու էստեղ ի՞նչ ես անում․․․ Անմիջապես դուրս եմ վազել, որ հասնեմ երեխեքին, դպրոցում էին։ Կարենը փորձել է հետ պահել, բայց չեմ լսել․ «սնայադների» տակով վազում էի դեպի դպրոց․․․»,-ցավից կծկվելով՝ պատմում է Կարենի այրին։

Դժոխային այդ օրերին կատարվածի մասին Ժաննան հիմա հազիվ է պատմում։ Ցավն ամոքել ժամանակը չի կարող այս դեպքում։ Ճակատագիրն առանձնապես դաժան գտնվեց Գրիգորիի դեպքում․ սեպտեմբերի 22-ին ամուսնացնելու փոխարեն՝ հողին հանձնեցին․․․

«Եղբորս հարսանիքի օրը նրա ու ամուսնուս հուղարկավորությունն էր․․․ Ես, մայրս ու քույրս ամեն ինչ մեր ձեռքով պատրաստել էին Գրիգորիի հարսանիքի համար․․․ Դոշաբով կոնֆետներ էինք սարքել, բուրդ գտել, տեղաշոր կապել․․․ Ամենաուրախ օրը պետք է լիներ այդ օրը, բայց ամենադաժանն ու ցավոտը դարձավ․․․»,-հառաչում է մեկ օրում երկու թանկ մարդու կորցրած մեր զրուցակիցը․․․