ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ընկերներ գրում են, ասում, որ չեմ խոսում, անտարբեր եմ և այլն։ Ի՞նչ պետք է ասել՝ մեզ հետ տեղի ուենցողը աղետ է, այնպիսի աղետ, որ մեր անկախության շրջանում երբեք չենք ունեցել։
Ստացվել է էնպես, որ ում ում հետ երբևէ աշխատել եմ, այսօր թիրախավորված են թե իշխանության, թե ընդդիմության կողմից։ Չկա տրամաբանություն, չկա հանդուրժողականություն, սրտացավություն, չի էլ եղել անգամ իմ հանդեպ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Ողբերգություն է, թե ինչի միջով են այսօր ու վերջին երեք տարիներին անցել ու անցնում մեր հայրենակիցները։
Ցավում եմ իմ ընկերների, իրենց ընտանիքների համար, ցավում եմ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի համար, ներողություն եմ խնդրում, որ մենք որպես հասարակություն, պետություն, նախկին ու ներկա չենք կարողանում պաշտպանել մեր հայրենակիցներին, լռում ենք, որովհետև ամաչում ենք, որովհետև այլևս մեր խոսքը նշանակություն չունի, որովհետև կորցրել ենք մեր հանդեպ վստահությունը։
Ես ուզում եմ հավատալ ու կոչ անել, որ իշխանությունները, միջազգային համայնքը անի ամեն բան, որպեսզի Ռուբեն Վարդանյանը, մեր բոլոր գերի տղաները վերադառնան հայրենիք, պիտի արվի ամեն հնարավորն ու անհնարինը, որ Ադրբեջանում չմնա գեթ մեկ հայ։ Կոչ եմ անում նաև իմ նախկին կոլեգաներին ցուցաբերել հանդուրժողականություն և սրտացավություն մեր հայրենակիցների նկատմամբ՝ անկախ ամեն ինչից։
Ռուբենին ճանաչել եմ «Ավրորա»-ում աշխատելուս տարիներին, ճանաչում եմ որպես սրտացավ, կիրթ, Հայաստանն ու Արցախը սիրող ու մտահոգ մարդու։ Ինձ համար ընկալելի չէ Ռուբենի դեմ արշավը, ընկալելի չէ նաև նրա անզգույշ ձևակերպումն օգտագործելն ու դրա շուրջ գեոպոլիտիկ վերլուծություններ անելը, ձևակերպման վրա դավադրություններ կառուցելը։
Ռուբենի կնոջը, զավակներին ցանկանում եմ ուժ, համբերություն և հավատ։
Հայաստանի Հանրապետությունը պիտի պաշտպանի իր քաղաքացիներին, պիտի պաշտպանի ամեն տեղ ու ամեն հարցում։ Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր»: