Աղավնոյի բնակիչներն իրենց իրերն են հավաքում, հուսահատված են, գյուղից տարհանվում են նաև հուշարձաններն ու եկեղեցու խաչքարերը. գյուղապետ


Աղավնոյի բնակիչներն իրենց իրերն են հավաքում, հուսահատված են, գյուղից տարհանվում են նաև հուշարձաններն ու եկեղեցու խաչքարերը. գյուղապետ
Օգոստոս 11 13:15 2022

Արցախի Աղավնո գյուղի բնակիչները պատրաստվում են լքել իրենց տները, դեռ տարհանված մարդ չկա, բայց իրենց իրերն են հավաքում: Բնակիչները հուսահատված են, ոչ մեկն էլ ուրախ չէ:«Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Զրույցի պահին Աղավնո գյուղում էր նաև միջազգային «Կարմիր խաչ» կազմակերպության պատվիրակությունը՝ բնակիչների տարհանման աշխատանքներին աջակցելու համար:

 

Գյուղապետի հաղորդմամբ՝ Աղավնոյում ներկայումս ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ 70 երեխա.

«Բնակիչներից, որը մոտակայքում է ապրում՝ Տեղ գյուղում կամ Գորիսում, կարող է տեղափոխման խնդիրը լուծել, բայց ով հեռու է ապրում, հազար ու մի հարց կա, հավաքում են իրերը, մինչև տեսնենք՝ ինչ է լինում, անորոշ վիճակ է»,-ասաց Չավուշյանը:

Նրա փոխանցմամբ՝ Աղավնոյի բնակիչների մեծ մասը տարհանումից հետո էլ ուզում է Արցախում ապրել, մի մասն էլ՝ Սյունիքում կամ Երևանում:

Մեզ հետ զրույցում գյուղապետը հայտնեց, որ Աղավնոյից տարհանվում են նաև հուշարձանները, եկեղեցու խաչքարերը: Նրա խոսքով՝ գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատվեն նաև հեռախոսային կապերը.

«Ինչ ենթակառուցվածք մեզ է պատկանում, պետք է տանենք, ամեն մարդ իրա իրը հանի, կապերը պետք է անջատվի, դրա համար ավելի լավ կլինի շուտ տարհանվեն՝ մինչև ամսի 20-ը, 22-ը»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը: