6 տարվա դադարից հետո վերադարձած Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Հայաստանի չեմպիոն


6 տարվա դադարից հետո վերադարձած Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է Հայաստանի չեմպիոն
Փետրվար 1 18:45 2022

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):
Կանանց ստուգատեսին ընդհանուր առմամբ 35 մարզուհի է մասնակցել:
Տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի վաղը՝ փետրվարի 2-ին. 5 օր շարունակ 10 քաշային կարգերում Հայաստանի ուժեղագույն ծանրորդները կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ կմասնակցի:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել էր 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից։

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։
Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական է եղել ոչ միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այլև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով ծանրորդուհու՝ 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել։