Հայաստանի 10 լավագույն մարզիկները 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 180 հազար յուրաքանչյուրը


Հայաստանի 10 լավագույն մարզիկները 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 180 հազար յուրաքանչյուրը
Հունվար 26 00:05 2022

2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները նախապես հայտարարված 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 911 հազար դրամ, որից 731 հազար դրամը նախարարության պահանջով պետք է հանձնեն հավաքականի մարզիչներին: Այս տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին պարգեւատրված մարզիկները:

 

2021 թվականի դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը:

 

 

2021թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընգրկվեցին հետեւյալ մարզիկները.

 

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

 

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն

 

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն 

 

Գոռ Մինասյան, ծանրամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր 

 

Դավիթ Չալոյան, բռնցքամարտ, աշխարհի փոխչեմպիոն 

 

Էլինա Դանիելյան, շախմատ, Եվրոպայի չեմպիոն

 

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

 

Մալխաս Ամոյան, հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն 

 

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր

 

Վարազդատ Լալայան, ծանրամարտ, աշխարհի փոխչեմպիոն։ 

 

Ավելի վաղ քննարկվում էր, որ մարզիկների մեծարման երեկոն նախատեսվում է անցկացնել մեծ շուքով, Գյումրիում, բայց հստակ օր եւ ժամ չէր հայտարարվում: Որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ մարզիկների պարգեւատրման արարողությունը տեղափոխվել է Երեւան եւ կանցկացվի դեկտեմբերի 23-ին կամ 24-ին, բայց տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

 

Նախքան պարգեւատրումը մարզիկների անձնական հաշիվներին արդեն փոխանցվել էին պարգեւավճարները, որը կազմել է 3 միլիոն 911 հազար դրամ յուրաքանչյուրին: Պարգեւատրման արարողության ժամանակ, սակայն, մարզիկներին հանձնվել է 5 միլիոն դրամի հավաստագիր: Ավելի ուշ լավագույն տասնյակի ներկայացուցիչները զանգ են ստացել ԿԳՄՍ նախարարությունից, նրանց հայտարարվել է, որ իրենց հաշիվներին փոխանցված գումարներից 731 հազար դրամ պետք է հանձնել հավաքականի մարզիչներին:

 

Արդյունքում մարզիկների պարգեւավճարները կազմում են 3 միլիոն 180 հազար դրամ՝ 5 միլիոնի փոխարեն: Հայաստանը լավագույն մարզիկներից յուրաքանչյուրը պարգեւավճարից  1 միլիոն 89 հազար դրամ ԱԱՀ հարկ է վճարել:

 

Ինչո՞ւ են հարկվում մարզիկների պետական պարգեւավճարները, կամ ինչո՞ւ է նախապես հայտարարվում 5 միլիոն դրամ, բայց պարգեւատրում անհամեմատ քիչ, հայտնի չէ:

 

Նշենք, որ, օրինակ՝ 2019 թվականին լավագույն մարզիկների տասնյակի պարգեւատրումն անցկացվեց կրկին Բաղրամյան 26-ում եւ մարզիկներն այդ տարի առաջին անգամ պետության կողմից պարգեւատրվեցին 5-ական միլիոն դրամով: Այդ ժամանակ մարզիկների պարգեւավճարներից որեւէ գումար չի հարկվել:

 

Հարկ է նշել, որ միայն 2021 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները 4 օլիմպիական մեդալ են նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ երկու արծաթե եւ երկու բրոնզե, մեկ աշխարհի ոսկե մեդալ, երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալներ, Եվրոպայի 4 ոսկե մեդալներ:

 

2021 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկների ներկայացուցիչներից մի քանիսը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ մարզիկների եւ նրանց գրանցած հաջողությունների նկատմամբ նման վերաբերմունքը վիրավորական է եւ պետք չէ նախապես մեծ թիվ հայտարարել, բայց իրականում լրիվ այլ գումար տալ Հայաստանի դրոշը ծածանող եւ մեծ հաղթանակներ ունեցող մարզիկներին:

 

Ավելի ուշ՝ հունվարի 3-ին ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվեց տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրման մասին նյութը լուսանկարներով, որտեղ գրված է, որ մարզիկները պարգեւատրվել են 4 միլիոն դրամով, մեկական միլիոն էլ հատկացվել է մարզաձեւերի մարզչական շտաբին: