Սուրճը ռեկորդային թանկացել է


Սուրճը ռեկորդային թանկացել է
Դեկտեմբեր 1 23:53 2021

Միջմայրցամաքային բորսայում սուրճի գինն առավելագույնի է հասել 2011 թվականից: Շուկայում լարվածությունը, վերլուծաբանների խոսքով, կպահպանվի մինչեւ 2023 թվականը ցածր բերքի եւ մատակարարումների հետաձգման պատճառով, հաղորդում է CNBC-ն:

Երկուշաբթի օրը կայացած առեւտրային նստաշրջանի արդյունքներով դեկտեմբերին սուրճի արժեքը մեկ ֆունտի դիմաց կազմել է 2,34 դոլար։ Նյու Յորքի Միջմայրցամաքային բորսայում սուրճի ֆյուչերսները հասել են 2,46 դոլարի՝ ամենաբարձրը վերջին տասնամյակում:

Փորձագետները նշում են, որ սուրճի ռեկորդային թանկացումը համընկել է շուկայում մի շարք կարեւոր իրադարձությունների հետ։

Saxo Bank-ի ապրանքային ռազմավարության ղեկավար Օլե Հանսենը պատմել է, որ Բրազիլիայում՝ սուրճի հատիկների աշխարհում ամենամեծ արտադրողը, բերքը գտնվում է «երերուն վիճակում», քանի որ երկիրը ամռանը բախվել է սաստիկ ցրտահարությունների եւ երաշտների։ Նրա խոսքով՝ բացառված չէ, որ եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են բերքի վրա ոչ միայն 2021-ի եւ 2022-ի վերջին, այլեւ կազդեն 2023-ին։ Նա հավելել է, որ այս դեպքում սուրճի հետագա թանկացման վտանգը միանգամայն իրական է։

Տրանսպորտային շղթաներում գլոբալ խափանումները զգալի ազդեցություն են ունեցել նաեւ սուրճի շուկայի վրա, քանի որ հատիկների բովումը, այսինքն՝ դրանք վաճառքի պատրաստելը, հաճախ տեղի է ունենում ոչ այն երկրում, որտեղ գտնվում է արտադրությունը: Բացի այդ, մյուս հիմնական արտադրող երկրներում, օրինակ, Վիետնամում, որը սուրճի երկրորդ արտահանողն է, նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ։ Իսկ Եթովպիան արտակարգ ռեժիմ է սահմանել՝ ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ սրվող առճակատման ֆոնին: