Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված. ԱՆ


Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված. ԱՆ
Նոյեմբեր 12 16:44 2021

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի նպատակն է բարձրացնել թոքաբորբի՝ որպես մանկական մահվան հիմնական պատճառի մասին իրազեկվածությունը և խթանել գործողությունները, որոնք ավելի արդյունավետ կլուծեն խնդիրները:

 

 

ԳՈՎԱԶԴ07:53Իմանալ ավելին

Թոքաբորբերը տարբեր պատճառագիտությամբ, ախտածնությամբ, մորֆոլոգիական փոփոխություններով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարմամբ: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը և ընդհանուր թուլությունը:

 

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով: 2017 թվականին թոքաբորբից մահացել է 2.56 միլիոն մարդ: Թոքաբորբը հանդիսանում է մինչև 5 տարեկան երեխաների մահվան բոլոր դեպքերի 14%-ի պատճառ, կամ` 740 հազար մահվան դեպքեր տարեկան:

 

Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից և վերջինով պայմանավորված թոքաբորբից:

 

Շնչառական վիրուսային վարակները, այդ թվում` COVID-19-ը, կարող են հանգեցնել առաջնային վիրուսային թոքաբորբերի, ինչպես նաև նպաստել երկրորդային բակտերիալ թոքաբորբի զարգացմանը:

 

 

Այն առավել բնորոշ է գրիպի վիրուսով հարուցված վարակին: Համաձայն ԱՀԿ-ի COVID-19-ի վարման ուղեցույցի` երկրորդային կամ ուղեկցող բակտերիալ վարակները հաճախակի չեն COVID-19-ով միջին ծանրության պացիենտների մոտ:

 

Վերջերս կատարված համակարգված վերլուծության համաձայն` COVID-19-ով հոսպիտալացման ժամանակ միայն 8% դեպքում է արձանագրվում երկրորդային բակտերիալ վարակ: Հակաբիոտիկների լայնածավալ և անհիմն օգտագործումը չպետք է խրախուսվի, քանի որ այն կարող է հանգեցնել բակտերիալ կայունության ավելի բարձր ցուցանիշների: Հակաբիոտիկների գերօգտագործումը COVID-19-ի ժամանակ մեծացնում է բազմակայուն մանրէների առաջացման և փոխանցման ռիսկը, ինչը կապակցված է հիվանդացության և մահացության աճի հետ:

 

Վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝ COVID-19-ից և հնարավոր բարդություններից պաշտպանվելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են:

 

Բայցևայնպես, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդությունները, այդ թվում՝ թոքաբորբերը, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ևս հասանելի են և անվճար: