«Անվտանգային առումով իշխանությունները փաստորեն ոչինչ չեն անում և ամբողջ պատասխանատվությունը բարդում են ռուսական կողմի վրա». Մ. Հակոբյան


«Անվտանգային առումով իշխանությունները փաստորեն ոչինչ չեն անում և ամբողջ պատասխանատվությունը բարդում են ռուսական կողմի վրա». Մ. Հակոբյան
Նոյեմբեր 8 22:57 2021

«Իմ տեղեկություններով 3 վիրավորների  կյանքին վտանգ չի սպառնում, բայց լուրջ վիրավորումներ են ստացել: Ես վստահ եմ, որ ռուսական կողմի միջոցով կարգավորվելու է այս հարցը, բայց ամեն անգամ նման հարցերի պարագայում մենք մարդիկ ենք կորցնում: Անվտանգային առումով  իշխանությունները փաստորեն ոչինչ չեն անում և ամբողջ պատասխանատվությունը բարդում են ռուսական կողմի վրա: Չնայած որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, բայց անվտանգային հարցերն Արցախում լուծված չեն:

Մենք ունենք զոհված 2 խաղաղ բնակիչ, չեմ խոսում, թե ինչքան վիրավորներ ունենք էս ընթացքում: Ադրբեջանը կարողանում է նման միջադեպերով հայաթափել Արցախը, և իշխանություններն էլ որևէ կերպ խոչընդոտ չեն հանդիսանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 
 

Հիշեցնենք, որ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը հիմա ցնծության մեջ է, և  իրենք նման պահվածքով անընդհատ ցույց են տալիս, որ իրենք հաղթել են, և Արցախն ամբողջովին իրենց է պատկանում:

«Հատկապես վերջին օրերին շատ են կոչերը՝ փակել Բերձորի միջանցքը և այլևս թույլ չտալ այդտեղով անցնել, իսկ դա այն ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին:

Ադրբեջանը դեռևս ոգևորված է իր «հաղթանակով», որն իրենց տրվեց հենց այնպես, և հիմա Ադրբեջանի համար աստղային ժամ է: Հայաստանի և Արցախի իշխանությունները նվիրեցին Ադրբեջանին այդ հաղթանակը, իսկ մեր հաղթանակը՝ Առաջին արցախյան պատերազմը, հաղթանակ էր՝ արյան գնով ու տառապանքով ձեռք բերված:

Ըստ Ադրբեջանի՝ 9 կետերից մեկը՝ կոմունիկացիաներին վերաբերվող կետը, կատարված չէ, և իրենք Հայաստանից պահանջում են այդ մի չկատարված կետը կատարել:

Փաստորեն կան 3 կետեր, որոնք քիչ թե շատ մեզ պետք է պատերազմից հետո ի շահ լինեին, չեն էլ կատարվել:

Այսինքն՝ տեղահանվածները կարող են վերադառնալ և ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո ապրել իրենց տներում: Գերիների վերադարձ, բայց մենք տեսանք, որ պատերազմից մեկ տարի է անցել, բայց մեր գերիները կեղեքվում են Բաքվի բանտերում: Հաջորդ կետը այն է, որ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում:

Մենք տեսանք, որ դրանից հետո Արցախի տարածքները ստորագրությամբ հանձնվեցին, որովհետև փոքր տարածք էր թշնամին գրավել, քան այդ եռակողմ հայտարարությունից հետո հանձնվեց:

Ադրբեջանը, այս 3 կետերը չկատարելով, կարողանում է ճնշել Հայաստանին, և այդ ճնշման արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում՝ աշխատավոր մարդ, ով էդ պահին գնացել էր իր աշխատանքը կատարելու»,- հայտարարեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հազիվ մեկ շաբաթ կարելի է առանձնացնել, որ կրակոց  չի եղել Արցախում:

«Կրակոցներն ամեն օր են լինում, ուղղակի հարց է՝ թիրախավորվա՞ծ են, թե՞ ոչ, ինչ տրամաչափի զենքով են դրանք, ինչ հաճախականությամբ, ինչ տևողությամբ, բայց որ կրակոցներն անդադար են, դա փաստ է:

Ադրբեջանի գործողությունները մեկ նպատակ ունեն. այն է՝ հայաթափել Արցախը, և Ադրբեջանը դա միայնակ չի անում, իրենք դա անում են Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված:

Հերիք է տեսնես այս իշխանությունների դեմքը և հասկանաս, որ մենք շարունակում ենք պարտվել, շարունակում ենք կորցնել, և որևէ մեկը չի կարող մեր անվտանգությունը երաշխավորել, և դրա հետևանքով է հայաթափումը տեղի ունենում»,- եզրափակեց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Անահիտ Չալիկյան