Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հնարավոր խախտումների կանխմանն ուղղված ուսումնավարժանքներ են իրականացրել. ՌԴ ՊՆ


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հնարավոր խախտումների կանխմանն ուղղված ուսումնավարժանքներ են իրականացրել. ՌԴ ՊՆ
Սեպտեմբեր 29 12:00 2021

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածությանն ուղղված վարժանքների ընթացքում համալիր գործողություններ են իրականացրել իրենց պատասխանատվության «Հյուսիս» գոտում դիտակետերում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, պարապմունքների ժամանակ անձնակազմն առաջադրանքներ է կատարել՝ ուղղված սադրիչ գործողությունների կանխմանը:

«Առաջադրանքների կատարման արդյունավետությունը մեծապես կախված է զինծառայողների կարևոր պրոֆեսիոնալ որակների մակարդակից»,- ընդգծել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը:

Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները կարճ ժամկետներում տեղակայման վայրից դուրս գալուն, պաշտպանական դիրքերը գրավելուն ուղղված գործողություններ են կատարել: Ուսումնավարժանքների ժամանակ կիրառվել են БТР-82А զրահափոխադրիչները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։