«Մենք ընդամենը մի տարի ենք ամբողջական կառավարել Հայաստանը ու այդ մի տարվա ընթացքում Հայաստանն աննախադեպ արդյունքներ է արձանագրել ու դրանից հետո վրա է հասել կորոնավիրուսի համաճարակը, պատերազմը», - այս մասին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե պատերազմը վրա է հասել, քանի որ բանակցային գործընթացը ժառանգել է մի իրավիճակում, երբ հնարավորություն չկար շատ թե քիչ հայանպաստ երևէ լուծման գնալ։
«Կոնֆլիկտը կաթիլ-կաթիլ կուտակվել ու, ի վերջո, այդ բաժակը լցվել էր», - ընդգծեց Փաշինյանը, ում խոսքով՝ ժամկետային զինծառայողները մինչև վերջ ու անմնացորդ կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում։
«Մենք բոլորս իրենցով հպարտանալու առիթ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք կարողանանք մեր կյանքը կազմակերպել այնպես, որ իրենք էլ մեզանով հպարտանալու առիթ ունենան, իրենք երկնքում մեզնով հպարտանան», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատար հայտարարեց` «զինվորները երկնքում պետք է հպարտանան, որ իրենց զոհողություններն իզուր չեն անցել»։
«Հպարտանան, որ իրենց հարազատները հպարտ են ու պաշտպանված, ազատ են ու երջանիկ են», - հավելեց Փաշինյանը: