«Ապագայի վերաբերյալ այսօր շատ ավելի լավատես եմ, քան 2018, 2019, առավել ևս՝ 2020 կամ 2021 թվականներին»․ Փաշինյան


«Ապագայի վերաբերյալ այսօր շատ ավելի լավատես եմ, քան 2018, 2019, առավել ևս՝ 2020 կամ 2021 թվականներին»․ Փաշինյան
Ապրիլ 23 20:12 2025

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ:

Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի:

«Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական և կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա Կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ձևակերպումը, ըստ որի՝ հայրենասիրությունն առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ճշգրիտ ձևակերպում է այն իրադրությունը և ճանապարհը, որը մենք անցել ենք, որովհետև մեր ֆունդամենտալ խնդիրը մեր Հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է՝ առանց պրոֆեսիոնալիզմի։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ, դա չի նշանակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ և չկան: «Խոսքն ուրիշ բանի մասին է: Լինել պրոֆեսիոնալ՝ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ՝ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ՝ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում և պետության ձևավորման հարցում՝ շատ ավելի լուրջ մարտահրավեր է, առավել ևս մի իրավիճակում, մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված և խորը ձևավորված ինստիտուտներ և ավանդույթներ չկան: Չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը, հանրային հարթակներին հետևելով, հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է և սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ: Սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ո՞վ է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով՝ կրկին լավատեսության դաշտում հայտնվողը, թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունն իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում և պատմական ավելի երկար կտրվածքով»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019, առավել ևս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ և դիտանկյունից փոխվել է հետևյալը, որ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։ «Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում: Իմ գնահատմամբ, լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Կառավարության և պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է: Ես փորձեցի այս մասին խոսել Ազգային ժողովում վերջին երկու ելույթների ժամանակ և հիմա հատկապես Հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա: Լավատեսությունը բխում է նրանից, որ սեղանի վրա կա նախագիծ և այդ նախագծի իրագործումը 90 և ավելի տոկոսով կախված է մեզնից, բացարձակապես մեզնից և այն որոշումներից, որոնք կկայացնենք մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ: Կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք:

Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ. այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում՝ հանրության հետ շատ ակտիվ աշխատանք: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ներկաներին Հանրային խորհրդի աշխատանքներում և երաշխավորել, որ Կառավարությունը կունենա ակտիվ և բարձր մակարդակի մասնակցություն՝ իհարկե այն ըմբռնմամբ, որ նոր ձևավորված Հանրային խորհուրդը կլինի հենց այնպիսի հարթակ, որտեղ կլինի գաղափարների բախում, քննարկում, բանավեճ և ոչ վիճաբանություն:

Հաջորդիվ քննարկվել են Հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին»: