«Ժառանգություն» կուսակցության խորհրդի և կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիյանի ուղերձը․
Եղիցի լույս, հավատք եւ հայրենիք։
Հայրենի պետության եւ հայկական իրավունքների պաշտպանության հանդեպ մեր մի կաթիլ հանձնառությունը մշտապես նախընտրել ենք ներդնել համարյա լռակյաց ու աննկատ՝ թե՛ ներազգային ամենօրյա աշխատանքով, թե՛ միջազգային տեւական գործունեությամբ։
Ամեն մեկը յուրովի՝ մերն այսպես է։
Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման այս տարելիցի շեմին պարտավոր ենք շարունակել մեր հավաքական պայքարը՝ ի հեճուկս սպառնացող կործանման եւ դա բերած ազգադավ, ուխտադրուժ ցանկացած ժամիշխանի։
Հիշելով, վերաերդվելով, ինքնահաղթահարելով եւ անցյալի ու ապագայի պատասխանատվության մեր բաժինն ուսելով՝ դեպի հայոց բազմաչարչար պատմություն պետք է ուղղենք նրան եւ նրանց, ովքեր՝
ա/ ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն.
բ/ ուղղակի եւ առանց որեւէ պատրվակի՝ պաշտոնապես եւ անձնապես մեղսակիցն են եղել հայ ժողովրդի Նոր հայրենազրկման, մեր Հայրենիքի հանձնատվության, պետականության խորտակման.
գ/ զիջելով հնարավոր բոլոր իրավունքներն ու կենսական շահերը՝ հազարավոր ոսկետղաների տարել են անվերադարձ նահատակության, անպաշտպան են թողել մեր գերիներին եւ պատանդներին բիրտ ու բռնարար թշնամու խոշտանգիչ «արդարադատության» դիմաց եւ շարունակում են քայլ առ քայլ, արար առ արար հանդիսանալ նրա կցորդը, կամակատարը, քմահաճույքի ավազանը.
դ/ աններելի թողտվությամբ պայման են ստեղծել ու եղանակ ապահովել հայրենի քաղաքակրթության մաս կազմող մշակութային ու հոգևոր ժառանգության տմարդի, ո՛չ, անասնական ոչնչացման համար՝ ներառյալ քարոզչական, գաղափարախոսական եւ «գիտական» ասպարեզում՝ վերջին օրինակը Սուրբ Աթոռի հովանավորած հավաքում.
ե/ անպատիվ ու հանցագործ թիրախի տակ են առել նույնիսկ բանակն ու դիվանագիտությունը, վկան՝ բռնապետ հարեւանների շարունակվող անխոչընդոտ լկտիախաղը, սահմանային արդի իրավիճակը, եւ վայ ու ամոթ մեզ, Արտաքին գործոց նախարարության վերջին պաշտոնախոսքը Արցախի Հանրապետության մասին:
Ո՞ր մեկը ասես՝ անհատակ են ու անպարագիծ։
Ժողովրդին իրավամբ պատկանող հաջորդ իշխանությունը նրանց կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու, բայց պարտական է։
Եվ հնարավոր է ամեն ինչ՝ հանրային համերաշխություն, ազգային զինուժ եւ անվտանգություն, վերածնված դիվանագիտություն՝ սեփական շահեր ու իրավունքներ սպասարկող, եւ կարեւորը՝ քաղաքացու իրական ազատություն ու դրան հետեւող՝ պատկանելություն հարազատ պետության։
Այսքանը արդ կբավե։ Այսօր հիշում ենք, ոգեկոչում, խոստովանում, սովորում եւ միասին խորհում խորինը՝ վերականգնելով մեր անհատական ուժն ու համազգային արժանապատվությունը։
«Ձեռքդ տո՛ւր ինձ, երդվենք այստեղ…։
«Ժառանգություն» կուսակցության խորհուրդ
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ
23 ապրիլի 2025
Երեւան