Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավարակը նոր թափ է առնում, այսօր ունեցել ենք կորոնավիրուսով վարակման 818 նոր դեպք, միայն թե կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում հրապարակված թվերին: Այսօր առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են, որովհետև մինչև մայիս Covax facility-ի կողմից ստանալու են AstraZeneca ընկերության արտադրած և բազմաթիվ երկրներում արդեն մերժված պատվաստանյութի 124.800 դեղաչափ: Իսկ դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները զուտ ուշադրություն շեղելու համար են… ինչքան փող էլ կպավ՝ կպավ…Ստեղծվում է արհեստական պահանջարկ, որպեսզի իրացվի պատվաստանյութը»:
Այս գրառման, «կորոնավիրուսի տարածման «կոճակը» սեղմելու, պատվաստանյութի ձեռքբերման և դրա արյունավետության մասին 168am-ը զրուցել է բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ:
– Ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, որ «կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են», ո՞րն է նպատակը:
– Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել, իրացման խնդիր կա, իսկ վախն ամենաարդյունավետ գործիքն է բնակչության վրա ներազդելու համար, որ հետագայում՝ հենց կարողանան պատվաստանյութը բերել, սկսեն աջ ու ձախ պատվաստել: Կա նաև երկրորդ տարբերակ. դա քաղաքական գործընթացներն են, որովհետև օր օրի «Հայրենիքի փրկության շարժումը» թափ է հավաքում, ու իրենք փորձում են դրանով, թվեր նկարելով, այսպես ասած, մեղքը բարդել նրանց վրա: Այդ երկու հիմնական տարբերակներն են, որոնցով պայմանավորված է այս ամենը, այլ տարբերակ չկա, որովհետև առաջին ալիքի, երկրորդ ալիքի, երրորդ ալիքի, ամեն ալիքի համար պետք է նպաստավոր պայմաններ լինեն, որ թվերը շատացնեն: Հիմա, եթե ինձ ցույց տան մի հատ նոր հայտնված գործոն, որի հետևանքով մեզ մոտ կարող էր ավելանալ այդ թվերը, ես կընդունեմ դա, բայց որևէ այդպիսի արտառոց գործոն չի եղել: Հենց սա է պատճառը, որ ինձ մոտ նման համոզմունք կա:
– Իսկ ինչպե՞ս են «նկարվում» թվերը, կրկնակի թեստավորումնե՞ր են արվում, շատ թեստե՞ր են անում վարակման մեծ թվեր ցույց տալու համար, թե՞ ուղղակի գրում են թվերը:
– Ուղղակի ասում են, որ այսքան մարդ է հայտնաբերվել: Օրինակ, ասում են, որ այսօր կորոնավիրուսով վարակված 818 մարդ է հայտնաբերվել, Դուք այդ մարդկանց տեսե՞լ եք, ճանաչո՞ւմ եք, ո՞վ է ճանաչում: Մենք տեսնում ենք թվեր, չենք տեսնում մարդկանց: Այսինքն՝ հիմա ես կուզեմ, կհայտարարեմ, որ 4000 հոգի է վարակվել, կամ ասում են՝ արել ենք 2000 թեստ, կամ 4000 թեստ, թող ասեն՝ արել ենք 8000 թեստ, 5000 հոգի է հայտնաբերվել, և՞, դրանից ի՞նչը փոխվեց: Մարդիկ իմ շրջապատում նույն տեմպերով հիվանդանում, լավանում են, այսինքն համատարած հիվանդացություն ես դեռևս չեմ տեսնում:
– Իսկ ի՞նչ նորություններ կան՝ կապված պատվաստանյութերի հետ, հատկապես AstraZeneca-ի, որը պատրաստվում է ձեռք բերել և ներկրել Հայաստանը:
– AstraZeneca-ն բազմաթիվ երկրներում արգելվել է, բայց չգիտեմ ինչո՞ւ՝ մեր Կառավարությունը որոշել է, որ Covax facility-ի կողմից տրամադրված 124.800 դեղաչափը պետք է ներկրեն Հայաստան, և այդ դեղաչափերը ներարկվելու են հիմնականում ծերանոցներում բնակվող մեծահասակներին, ովքեր, այսպես ասած, իրենց հարազատների առօրյա խնամքի տակ չեն, ինչ եղավ՝ եղավ: 70 % էֆեկտիվությամբ և բավականին լուրջ կողմնակի ազդեցություններով պատվաստանյութ է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում