Դուբայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշում են կայացրել հունվարի 31-ից խստացնել օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոնները: Այս մասին Twitter-ում հայտնում է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոր կանոնների համաձայն` Դուբայ ժամանող օտարերկրյա բոլոր քաղաքացիները պետք է տեղեկանք ներկայացնեն ոչ շուտ, քան 72 ժամ առաջ արված կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքով: Ավելի վաղ թույլատրվում էր թեստավորում անցնել ուղեւորությունից 96 ժամ առաջ:
«Աշխարհի ցանկացած երկրից Դուբայ ժամանող ուղեւորները պետք է նախապես ՊՇՌ թեստ անցնեն: Մի շարք երկրներից ժամանածներից (COVID-19-ի իրավիճակից կախված) կարող է պահանջվել լրացուցիչ թեստ հանձնել Դուբայում: ՊՇՌ թեստերի վավերականության ժամկետը 96-ից կրճատվել է մինչեւ 72 ժամ»,- նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ըստ վերջին տվյալների` համավարակի սկզբից ի վեր թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 293 հազար դեպք: Երկրում գրանցվել է 819 մահվան դեպք, առողջացել է ավելի քան 267 հազար հիվանդ:
Արաբական Միացյալ Էմիրությունները պատվաստումների գործընթացը փորձնական հիմունքներով սկսել էին անցյալ տարվա հոկտեմբերին: Պատվաստանյութը ներկայումս հասանելի է 16 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձի համար: Իշխանությունները նախատեսում են այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում պատվաստել երկրի բնակչության 50 տոկոսը: Արաբական Միացյալ Էմիրություններն օգտագործման համար հաստատել են «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը, չինական Sinopharm-ը, ինչպես նաեւ Pfizer ամերիկյան ընկերության եւ դրա գերմանական գործընկեր BioNTech-ի դեղամիջոցը: