Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց դառնալ Եվրոպայի լիգայի գավաթակիր (ֆոտոշարք)


Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց դառնալ Եվրոպայի լիգայի գավաթակիր (ֆոտոշարք)
Մայիս 25 09:22 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսների հարուստ հավաքածուին գումարեց նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Եվրոպայի երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում Անգլիայի 20-ակի չեմպիոնը Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին», որը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել էր 1996-ին: Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 22 զոհվածների հիշատակը: Այդ ողբերգության պատճառով չկայացավ նաեւ եզրափակիչից առաջ նախատեսված շոուն:

Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել անգլիական ակումբի մեկնարկային կազմում եւ դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:

Երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված «Այաքսի» խաղացողների գործողություններում սկզբում զգալ էր տալիս մեկնարկային լարվածությունը, իսկ մանչեսթերցիները սկզբնամասում գրոհները հիմնականում կազմակերպում էին երկար փոխանցումներով: Խաղի սկզբնամասն անցնում էր առանց գոլային պահերի: Հոլանդական ակումբն աստիճանաբար հաղթահարեց մեկնարկային լարվածությունը եւ սկսեց վստահորեն վերահսկել գնդակը: «Այաքսը» կարծես վերգտել էր իր խաղը, սակայն գոլ բաց թողեց 18-րդ րոպեին: Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակն անդրադարձի միջոցով հայտնվեց հոլանդական ակումբի դարպասում: Բաց թողած գոլից հետո «Այաքսը» պահպանում էր տարածքային առավելությունը, բայց գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Մանչեսթերցիներն աչքի էին ընկնում գրագետ պաշտպանությամբ եւ անցկացնում արագ հակագրոհներ: Հենրիխ Մխիթարյանը խաղում էր կիսապաշտպանության ձախ եզրում, որտեղով անգլիական ակումբը հաճախ էր գրոհում: 31-րդ րոպեին Հենրիխը դեղին քարտ ստացավ կոպիտ խաղի համար: Խաղակեսի վերջնամասում հոլանդացիներըը մի քանի անգամ անհանգստացրին անգլիական ակումբի պաշտպանությանը, թեեւ գործն իրական գոլային պահերի չհասավ: «Մանչեսթեր Յունայթեդն», ընդհանուր առմամբ, չէր տպավորում առաջին խաղակեսում, բայց ընդմիջման գնաց հաշվի մեջ առջեւում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձավ 2:0: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը 48-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը, որն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ շրջադարձ հարվածով: Երկրորդ խաղակեսում դաշտում բաց ֆուտբոլ էր ընթանում: Գրոհները շատ էին, բայց գոլեր չկային: 74-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց անգլիացի Ջեսի Լինգարդը, իսկ հայ կիսապաշտպանին ստադիոնում հավաքված անգլիացի երկրպագուները դաշտից ուղեկցեցին իր մասին երգով: Վերջնամասում «Այաքսի»՝ խաղը փրկելու բոլոր ջանքներն ապարդյուն էին: 86-րդ րոպեին Ջեսի Լինգարդը կարող էր հաշիվը դարձնել 3:0, սակայն կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ:

Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:

Ժոզե Մոուրինյոն շարունակում է անպարտելի մնալ եվրագավաթների եզրափակիչներում:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Եվրոպայի լիգայում եւ «Այաքսից», Մյունխենի «Բավարիայից», Թուրինի «Յուվենտուսից» ու Լոնդոնի «Չելսիից» հետո դարձավ 5-րդ ակումբն է, որը տիտղոս է նվաճում Գավաթակիրների Գավաթում, Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի Գավաթ):