ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել Ասանժին


ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել Ասանժին
Դեկտեմբեր 8 17:45 2020

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պետք է անհապաղ ազատ արձակվի կամ էլ տնային կալանքի տակ դրվի՝ կապված Բելմարշ բանտում կորոնավիրուսի տարածման հետ, որտեղ նա պահվում է: Նման կոչով Մեծ Բրիտանիայի իշխանություններին դիմել է խոշտանգումների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ փորձագետը հիշեցրել է, որ «Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկզբնապես ձերբակալել էին Ասանժին ձերբակալության օրդերի հիման վրա, որը տվել էր Շվեդիան՝ կապված սեռական բնույթի ոչ պատշաճ պահվածքի մասին պնդումների հետ կապված: Սակայն այդ պահից ի վեր այդ պնդումները պաշտոնապես հանվել էին ապացույցների բացակայության պատճառով: «Այսօր նրան պահում են բացառապես կանխարգելիչ նպատակներով, որպեսզի ապահովեն ԱՄՆ արտահանձնման մասին հարցով դատին նրա ներկայությունը»,-ասել է Մելցերը:

«Պարոն Ասանժը հանցագործ չէ եւ նա որեւէ սպառնալիք չի ներկայացնում որեւէ մեկի համար»,-հիշեցրել է նա: Նրա խոսքով՝ «տառապանքները, որոնք հասցվել են Ասանժին երկարատեւ ձերբակալության արդյունքում, ոչ միայն կամայական են, այլ նաեւ անմարդկային վերաբերմունք»:

Բանտում, որտեղ պահվում է Ասանժը, կորոնավիրուսով վարակվել է 65 բանտարկյալ: