Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում


Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում
Նոյեմբեր 27 22:52 2020

Բերձորցի Լեւոն Մելիքյանը Աշտարակում տուն է գտել, հիմա էլ  իրերը հավաքում է, որ տեղափոխի այնտեղ, մինչեւ կտեսնի, թե ինչ է գլխին գալիս։

«Ամսի 30-ը վերջին օրն է, բայց դե թուրքին Աստված չկա, կարող է ավելի շուտ էլ մտնի»,– ասում է նա։

Իր իսկ տնկած ծառերը, որոնցից տասը տարուց ավելի է՝ ինչ բերք է հավաքում, ձեռքը չի գնում, որ կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում։

Շրջում է տան բակում, այգում ու պատմում, թե ինչպես է ամեն ինչը ստեղծել։ Տան սենյակներից մեկը ծառայեցրել է որպես խմորեղենի փոքրիկ արտադրամաս, հիմա սենյակը դատարկվել է, բոլոր գործիքները հանել է։

«Տանիքը վերանորոգել եմ, վարկ եմ վերցրել, մինչեւ հիմա չեմ պրծել էդ վարկից»,- պատմում է նա։

Այգու բերքը մնացել է թփերին, նույնիսկ չեն հասցրել համտեսել իրենց աճեցրած խաղողը, լոլիկը, լոբին։

Նշենք, որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում են հավաքել իրենց իրերն ու հեռանալ այդտեղից, որովհետեւ չգիտեն՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից, բնակիչների շրջանում խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Պաշտոնական որևէ հայտարություն Բերձոր քաղաքի ճակատագրի վերաբերյալ դեռ չի հնչել։