Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում (լուսանկարներ)


Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում (լուսանկարներ)
Մայիս 20 17:15 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի եւ Գողթ համայնքներ: Հանրապետության Նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Նախագահը ծանոթացել է արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջային այցելությունների կազմակերպման ժամանակակից տեխնիկական հնարավորությունների ներդրման ծրագրերին, ինչպես նաեւ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով իրականացվելիք ճանապարհաշինական եւ այլ աշխատանքների կազմակերպման ընթացքին ու պետական-մասնավոր ձեւաչափով հնարավոր ներդրումային ծրագրերին, զրուցել Գառնի համայնքի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում զեկուցվել է ավելի վաղ Հանրապետության Նախագահի մոտ կայացած՝ Կոտայքի մարզի գերակայությունների, այդ թվում՝ զբոսաշրջային ներուժի զարգացման հնարավորությունների քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը եղել է նաեւ Գողթ համայնքում: Վերոնշյալ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի եւ Գողթ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Նախագահը այցելել է Գեղարդավանք՝ ծանոթացել Գեղարդավանքի տարածքում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացիկ վիճակին եւ տվել համապատասխան հանձնարարականներ: