Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հնչյունների ուղեկցությամբ Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում շախմատի չեմպիոններն են: «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման նախաձեռնությունը Լևոն Արոնյանին է:
«Մենք գիտենք, որ 21-րդ դարի ամենամեծ խնդիրը ահաբեկչությունն է, և Հայաստանն էլ դարձել է ռուբիկոնը, և մենք պետք է ամեն ինչ անենք: Սա միայն հայ ժողովրդի պայքարը չէ, սա միայն մեր գոյության հարցը չէ, սա գոյության հարց է թե՛ հայ, թե՛ համաշխարհային մշակույթի»,- ասաց Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Նրան էր միացել նաև արցախցի գրոսմայստեր, մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 2020 թվականի Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած տեռորին շախմատի չեմպիոնները պատասխանում են մշակույթով:
«Փորձում ենք կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, դա դուրս է մարդասիրական կանոններից»,- ասաց հայ շախմատիստ, գրոյսմաստեր Մանուել Պետրոսյանը:
Շախմատիստներն անցկացրին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխայի հետ։ Խոստովանում են՝ երեխաները փորձառու են, իսկ նրանցից ոմանց հաղթելը՝ շատ կասկածելի։
«Բարդ է վիճակը, մի քանի խաղ կա, որ արդեն պարտվելուն մոտ ենք»,- ասաց Լևոն Արոնյանը:
Գրոսմայստերներն այս սեղանի շուրջ երկար են մտածում, Դավիթին ո՛չ շախ, ո՛չ էլ մատ են կարողանում անել: Ստեփանակերտից Երևան ժամանակավոր տեղափոխված 12-ամյա Դավիթը տեսախցիկներին այդպես էլ չհարմարվեց, ասում է՝ թողեք մտածեմ, պիտի հաղթեմ:
Շախմատային սեանսին զուգահեռ վաճառքի էր հանվել գրոսմայստեր Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գիրքը՝ անվանական ստորագրությամբ: Այս հասույթը նույնպես բարեգործական է, որն ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին։ Շախմատի արքան վստահ է՝ միասին կարող ենք պայքարել ու հաղթել ահաբեկչությանը:
Մանրամասները՝ տեսանյությում։