ԼՂ հակամարտության մասով Թուրքիայի հույսերը շուտով փշրվելու են․ Al-Ahram Weekly հրատարկության անդրադարձը՝ Թուրքիայի միջամտությանը հայ-ադրբեջանական հակամարտությանը


ԼՂ հակամարտության մասով Թուրքիայի հույսերը շուտով փշրվելու են․ Al-Ahram Weekly հրատարկության անդրադարձը՝ Թուրքիայի միջամտությանը հայ-ադրբեջանական հակամարտությանը
Հոկտեմբեր 29 18:56 2020

Եթե անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսել, այնուամենայնիվ նա շահագրգռված չէ մեկ ամսից ավել տևող ռազմական գործողությունների դադարեցմամբ․ թուրք ղեկավարը որպես աջակցություն զինտեխնիկա և Սիրիայից զինյալների «անձնակազմ» է ուղարկել Բաքվին՝ հույս ունենալով իր եղբայների՝ ադբրեջանցիների համար հաղթանակ ապահովել և դրանով մեկ այլ «նվաճում» ունենալ դեպի իր ենթադրյալ կայսրությունը, այս մասին եգիպտական Al-Ahram Weekly հրատարկությանն է հայտնել քաղաքական դիտորդ Սայեդ Աբդել-Մեգիդը:

Նրա խոսքով՝ երևում է՝ Էրդողանի այդ հույսը շուտով փշրվելու է, քանի որ Անկարայի նկատմամբ քննադատությունները գնալով էլ ավելի են շատանում և Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային կարգավորմանը մասնակցելուց ավելի շատ է հեռվանում։ 

Նշվում է, որ հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կհետևի հրադադարի ռեժիմի պահպանմանն այն պայմանով, որ Հայաստանը հետևի ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանված սկզբունքներին։ Անկարան մեկ անգամ չէ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իր վրդովմունքը հայտնել Հայաստանին օգնելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունն, իբր, չլուծված պահելու իրենց փորձի առնչությամբ։

Հաղորդվում է, որ «ճակատագրի հեգնանքով» Իլհամ Ալիևը նման հայտարարություն է արել Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո, որը կրկին հաստատել է, որ մերժում է կրակի դադարեցման և երկխոսության ճանապարհով հարցը լուծելու միջազգային հանրության բոլոր կոչերը։ Էրդողանը խոսելով թուրք վարչապետ Ֆուաթ Օկտայի՝ անհրաժետության դեպքում Լեռնային Ղարաբաղ թուրքական զորքեր մտցնելու հայտարարության մասին, նշել է, որ Թուրքիան մինչև վերջ աջակցելու է Ադրբեջանին։

Իսկ ահա ավելի ուշ թուրք նախագահը փորձել է առավել «ճկունություն» ցուցաբերել և Ղարաբաղյան հարցով բանակցությունների սեղանի շուրջ իր համար աթոռ ստեղծել․ այսպես՝ Էրդողանը ավելի վաղ հայտնել է, որ հույս ունի, որ Մոսկվան և Անկարան կկարողանան համագործակցել միմյանց հետ այս հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև պնդել, թե իր երկիրը Մինսկի խմբի համանախագահ երկիր դառնալու բոլոր իրավունքներն ունի։ 

Դրան ի պատասխան՝ Մինսկի խմբի երեք համանախագահները մերժել են Անկարայի այս առաջարկը, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս մերժումն իր տրամաբանական ավարտին է հասցրել՝ փաստացի ՆԱՏՕ-ի իր մերձարևելյան դաշնակցին մեղադրելով ղարաբաղյան հակամարտությունը սրելու համար։ 

«Երևում է նաև, որ Էրդողանն ու իր հանցախումբը չեն գիտակցել ԱՄՆ դեսպանատների կողմից անցած շաբաթ Անկարային և Բաքվին անվտանգության ոլորտում արված նախազգուշացումների կարևորությունը․ դեսպանատները զգուշացրել էին Բաքվում, Ստամբուլում և Թուրքիայի այլ հատվածներում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների և ԱՄՆ, ինչպես նաև այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վտանգի մասին»,- նշում է Աբդել-Մեգիդը։ 

Նշվում է, որ թուրքական ընդդիմադիր ուժերը Թուրքիայում և Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների մասին ԱՄՆ նախազգուշացումները «իրենց կառավարության արտաքին քաղաքականության վարած արկածախնդրության հետևանքներ» էին որակել:

Հոդվածում համեմատական եզրեր են բերվում հայ և ադրբեջանական ռազմական տեխնիկայի կարողությունների մասով, սակայն նշվում է, որ պետք չէ թերագնահատել հայ զինվորների կարողությունները, որոնց շնորհիվ հայ ազգը կարողացել է ավելի քան 4 000 տարի ապրել։