ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կամավորական ջոկատներ ձևավորելու կոչին արձագանքել են ՀՀ մի խումբ քաղաքապետեր։
Մասնավորապես Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ամբողջ վարչակազմն ու անձամբ ինքը պատրաստ են զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
«Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության գործին: Մեր աշխատակիցներին, ավագանու անդամներին և համաքաղաքացիներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում որոշում կայացնել և դիմել մեզ»,- ասված է գրառման մեջ։
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հայրենիքի պաշտպանության խրամատը սրբություն սրբոց է, այդ խրամատում գտնվելը՝ մեծագույն պատիվ ինձ համար:
Եվ ուրեմն, այս պահից սկսած ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից»:
Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը տեղեկացրել է «Իջևան» կամավորական ջոկատի ստեղծման մասին։
«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «ԻՋԵՎԱՆ» կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար: Բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ: Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի»,-գրել է նա:
Կամավորագրվելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ միակ կին քաղաքապետը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից,
Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների, և ինքս իմ ուժերի ներածի չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:
Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը»,-գրել է նա:
Արցախի պաշտպանությանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում մասնակցելու Արցախի պաշտպանմանը: Բոլոր այն հայորդիները, որոնք կցանկանան միանալ, խնդրում եմ այցելել Աբովյանի համայնքապետարան՝ կամավորագրվելու համար: Բոլորիս ի զեն և դեպի սահման: Մեզ պարտադրել են պատերազմ, մենք կպարտադրենք խաղաղություն և հաղթանակ»,-գրել է նա