Լիդիա Նիկոլաևնա Գերասիմովնա, 87 տարեկան
Ճի՛շտ ապրեք, սխալ ճանապարհներով մի՛ գնացեք։ Ապրե՛ք համերաշխ ձեր խղճի հետ, որպեսզի երբեք ստիպված չլինեք ամոթ զգալ։ Ես հավատում եմ այն հզոր ուժին, ով պատժում է բոլոր նրանց, ովքեր սխալ են վարվում։
Մստիստլավ Բորիսովիչ Վլադիմիրցով, 90 տարեկան
Պատերազմն ամենասարսափելի բանն է պատմության մեջ, որին մարդկությունը երբևէ ականատես է եղել, ու ես անցել եմ դրա միջով։ Ուզում եմ, որ ապագա սերունդները լինեն ազնիվ, արդար ու երախտապարտ, ու թող երբեք չմոռանան մարդկային արժանապատվության մասին։
Լեոնիդ Լուկիչ Ռիբակով, 89 տարեկան
Բոլորին քաջ առողջություն եմ մաղթում ու ամենակարևորը՝ թող պատերազմ չլինի։ Եղե՛ք հարգալից ու քաղաքավարի, հարգե՛ք մեկդ մյուսին ու ձեզնից մեծերին։ Շատ մի՛ խմեք ու մի՛ ծխեք, հատկապես դու՛ք, աղջիկնե՛ր։ Գեղեցիկ չէ, երբ կինը ծխում է։ Թող ձեր կյանքում ամեն բան հաշտ ու խաղաղ ընթանա, բայց ամենակարևորը՝ պատերազմ չլինի։
Վիկտոր Ալեքսանդրովիչ Պետրով, 89 տարեկան
Ուզում եմ՝ երիտասարդները երբեք չանցնեն նրա միջով, ինչի միջով մենք ենք անցել պատերազմի ժամանակ։ Թող նրանց գլխավերևում անամպ երկինք լինի, դա ամենակարևորն է։ Թող ապրեն իրենց կյանքն ու ՄԱՐԴ կոչվեն։ Մարդ կոչումն ամենապատվավորն է։
Նադեժդա Ալեքսանդրովնա Գոնչարովա, 92 տարեկան
Ամեն կերպ պահե՛ք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, որ պատերազմ չլինի, ու ստիպված չլինեք զգալ այն, ինչ ես եմ զգացել. թե՛ սով, թե՛ վախ, թե՛ մոտ մարդկանց կորուստ։ Ինձ օգնողն այդ ժամանակ իմ երիտասարդությունն էր։
Նիկոլայ Ֆեդորովիչ Լոգինով, 93 տարեկան
Սիրե՛ք ձեր հայրենիքը մոր նման, դրանից թանկ ոչինչ չկա։ Պատերազմը հաղթել կարողացանք միայն նրա շնորհիվ, որ մեր երկրում բոլորը ազգերը միավորվել ու մեկ միասնական ազգ էին դարձել։ Կարևոր է՝ հիշել դրա մասին։
Լիդիա Սեմյոնովնա Գրիգորևա, 89 տարեկան
Առաջին հերթին պետք է սիրեք ինքներդ ձեզ՝ ձեր նպատակներին հասնելու համար, հետո՝ պետք է սիրել հարազատներին ու ձեզ շրջապատող մարդկանց, օգնել նրանց։ Եվ օգնել ոչ միայն նյութապես։ Ուշադրությունն ավելի կարևոր է։ Օրինակ՝ ինձ համար մի հեռախոսազանգն էլ հերիք է, իսկ դրա համար ընդամենը 2 րոպե է անհրաժեշտ, ուրիշ ոչինչ։ Եվ ոչ թե նրա համար, որ ինձ հարցնեն՝ ինչպես եմ զգում, այլ որ ասեն. «Դիմացի՛ր, դու կարող ես»։
Ալբերտ Իսահակովիչ Գոֆման, 93 տարեկան
Իմ կողմից 450 կրակոց. ամեն կրակոցը ռիսկ էր, բայց ի՞նչ արած։ Ընդհանրապես, մենք չէինք էլ հասցնում մտածել վախի մասին. հրամայում էին՝ պետք է անեինք։ Ուզում եմ՝ բոլորը ազնիվ և խիզախ լինեն ու ոչնչից չվախենան։
Պավել Տիմոֆեևիչ Անդրեյչենկո, 89 տարեկան
Բարձրացե՛ք ու մի՛ ընկեք։ Մաղթում եմ նաև առողջություն ու մնացած ամենալավ բաները։ Իսկ մենք արդեն մեր կյանքն ապրել ենք։ Մեզ մոտ արդեն ամեն բան անցյալում է։