Հայաստանը ժամանակավորապես կասեցրել է հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Հալեպում


Հայաստանը ժամանակավորապես կասեցրել է հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Հալեպում
Նոյեմբեր 30 10:23 2024

Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը Սիրիայի Հալեպ քաղաքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։