Երգարվեստ, թատերարվեստ, տուրիզմ, հոգեբանություն. առաջին հայացքից այս ոլորտներն ընդհանուր բան չունեն, բայց բավական է հիշել Արփինե Մաչանենց Բաբախանյանի մասին, ու ամեն բան իր տեղն է ընկնում:
Արփինեն, ով վերջերս է ամուսնացել, հարսանիքի ժամանակ ավանդական հարսի պարի փոխարեն հարսի երգ է կատարել. «Էլ ո՞վ»:
Երգչուհին երգը նվիրել է ամուսնուն և կարծում է՝այն դեռ շատ հարսներ են երգելու իրենց փեսաների համար:
«Էլ ո՞վ»-ը շնորհանդես չի ունեցել, փոխարենն այն առաջին անգամ Արփինեն կատարել է իր հարսանիքի ժամանակ, որին ներկա են եղել հայտնի երգիչ-երգչուհիներ:
Երգի հեղինակները Նիկ Եգիբյանն ու Վլադիմիր Պողոսյանն են:
«Երգչուհի Սոնա Սարկիսյանի խորհրդով՝այս անգամ որոշեցինք ակտիվ,իսպանական ռիթմերով երգ թողարկել,որը միշտ ուրախ տրամադրություն կապահովի: Կարծում եմ՝ դեռ շատ հարսներ կուզենան այս երգը կատարել իրենց փեսաների համար: Այս երգի հետ կապված հատուկ ծրագրեր չունեմ, բայց այն արդեն հասցրել է սիրվել իմ լսարանի կողմից: Հատկապես արտերկրից, բազմաթիվ դրական արձագանքներ եմ ստացել,ինչը ինձ շատ է ուրախացրել ու ոգևորել»,-ասաց Արփինեն:
Տեսահոլովակի նկարահանման ընթացքում չնախատեսված դեպքեր են եղել, որը բարդացրել է, նկարահանումը, սակայն երգչուհին իր արևային տեսակով կարողացել է հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու փայլել որպես օրվա հերոսուհի:
«Հագուստի հետ կապված խնդիրներ եղան: Վերջին պահին պարզ դարձավ, որ հագուստները, որը նախատեսել էինք կերպարներ ստանալուհամար, չկային, և ստիպված եղանք, տեղում մտածել՝ ինչպես շարունակել նկարահանումները»,-անկեղծացավ Արփինեն:
Արփինեն մեր թղթակցի հետ զրույցում խոսեց նաև իր երազանքի մասին, որն է՝ իրականացնել ուրիշի երազանքները:
««Քո երազանքը իմ երազանքն է» ծրագիր ունեմ, դա եմ ուզում իրականացնել, որով պիտի իրականացնեմ ուրիշների երազանքները:
Այս ծրագրով հնարավորություն պիտի ստեղծեմ նրանց համար, ովքեր իրենց երազանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների»,-ասաց նա:
Տուրիզմի մասնագետ է,կառավարման հոգեբան, դերասանուհի Արփինեն այս ոլորտներում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունեցել, սակայն երգից նա ոչ մի կերպ չի կարողացել հրաժարվել:
Իր ընտրած մասնագիտությունների հետ կապված դժվարին ճանապարհին՝ Արփինեն սկզբում հիասթափություններ է ապրել, այնուհետև հաղթահարել է բոլոր հիասթափություններն ու ավելի վստահ քայլերով շարժվել առաջ:
«Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ իմ ընտրած ճանապարհին հանդիպածս դժվարությունների ժամանակ ինձ աջակցել են, հույս ներշնչել, որ հավատամ ուժերիս ու քայլեմ առաջ,շնորհակալ եմ ամուսնուս, ով, չլինելով այս ասպարեզում, բոլորից շատ է ապրում իմ աշխարհով, և միշտ ոգեշնչում է ինձ:
Ինձ համար մեծ հաջողություն է նման ամուսին ունենալը, ամեն մարդու բախտ չի բերում այդ հարցում»,-նշեց Արփինեն: