Ռուսաստանի և Իրանի կողմից մտավախություններ, իհարկե, կան և լինելու են միշտ. Փաշինյան


Ռուսաստանի և Իրանի կողմից մտավախություններ, իհարկե, կան և լինելու են միշտ. Փաշինյան
Սեպտեմբեր 10 23:08 2025

ՌԴ նախագահի հետ և՛ հեռախոսազրույցում, և՛ հանդիպման ընթացքում, ինչպես նաև Իրանի նախագահի հետ հանդիպմանը ես խոսել եմ մեր այն հնարավորությունների մասին, որոնք բացվում են մեր հարաբերությունները խորացնելու համար, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հռչակագրի վերաբերյալ ռուսական ու իրանական կողմերի մտահոգություններին։

«Հիմա կա՞ն արդյոք մտավախություններ․ իհարկե, կան։ Կայի՞ն արդյոք մտավախությունները օգոստոսի 8-ից առաջ․ իհարկե, կային։ Այդ մտահոգությունները լինելու են միշտ, դա բնականոն գործընթաց է, և քաղաքականությունն էլ, դիվանագիտությունն էլ, արտաքին հարաբերություններն էլ ուրիշ բանի մասին չեն, մի բանի մասին են՝ որ կողմերը մտահոգությունները կիսում են իրար հետ և սկսում նայել, թե ինչպես կարող են համագործակցել՝ այդ մտահոգությունները կառավարելու ու փարատելու ուղղությամբ։ Սա է միջազգային հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը, և երկխոսությունն էլ դրա մասին է»,–ասաց նա։