Աշխարհի ամենայուրօրինակ զբոսայգիները (ֆոտոշարք)


Աշխարհի ամենայուրօրինակ զբոսայգիները (ֆոտոշարք)
Սեպտեմբեր 15 21:50 2019

1. 200 բուդդաների այգի. Լաոս

 

200 բուդդաների այգին համեմատաբար վերջերս է ստեղծվել: Այն կառուցել է Լաոսի հոգևոր առաջնորդներից մեկը՝ Բունլիա Սուլիտատը: Սակայն նրան չի հաջողվել կառուցումը հասցնել ավարտին, քանի որ խելագարվել է: Հարաբերականորեն փոքր տարածության վրա հավաքված են Բուդդայի 200 արձաններ, որոնցից յուրաքանչյուրը դեմքի իր արտահայտությունն ունի, բուդդայական և հինդուիստական առասպելաբանության այլ հերոսների, աստվածների և օձերի այլ քանդակներ: Բոլոր արձանները քանդակված են ամենայն մանրամասնորեն՝ սկսած նրանց շորերի ծալքերից, մինչև օձերի մաշկի թեփուկները:

 

2. Կանաչ լիճ. Ավստրիա

 

Ավստրիական այս զբոսայգին անսովոր է այն հանգամանքով, որ ձմռանն այն սովորական այգի է հիշեցնում, որտեղ այցելուները գալիս են հիանալու գեղեցիկ լեռներով և լճով, նստելու հարմարավետ նստարաններին և խնջույք կազմակերպելու: Սակայն ամռանը լճի մակարդակը 2-10 մետրով բարձրանում է, և ամբողջ այգին հայտնվում է ջրի տակ՝ իր բոլոր հարմարություններով, արահետներով և նստարաններով: Ամռանն այստեղ ժամանող հազարավոր զբոսաշրջիկներն ականատես են լինում ջրի տակ անցած իրական քաղաքի: Ջուրը բյուրեղյա մաքրության է, ունի կանաչ երանգ: Ջրի մաքրությունը թույլ է տալիս տեսնել լճի տակ գնտվող ամբողջ զբոսայգին: Ձմռանը լճի մակարդակը կրկին իջնում է, և այգին դառնում է սովորական զբոսավայր:

 

3. Մեղսագործների այգի. Թայլանդ

 

Բանգկոկից 40 կմ հեռավորության վրա գտնվող այս այգին արտացոլում է դժոխքի պատկերը Երկրի վրա: Այգում ամենուր դաժան ձևով սպանված մարդկանց քանդակներ են. ոմանց ուտում են առասպելական հրեշները, ոմանք կախված են, մյուսները՝ խոցված նիզակներով... Այգում ամենուր խուլ երաժշտություն է հնչում՝ մեռնողների տանջալից ձայներով, աղերսանքներով:

 

4. Տիեզերական մտորումների այգի. Շոտլանդիա

 

Այգու հեղինակներն ամուսիններ Չառլզ Ջենքսը և Մեգի Չեսվիքն են: Նրանց մտահղացմամբ՝ այգու այցելուները պետք է կարողանան պատկերացում կազմել տիեզերքի մասին և իմանան մարդու դիրքն այդ տիեզերքում: Ամուսինների կարծիքով՝ ներկայիս գիտությունն ավելին չէ, քան ինչ-որ մի արտակարգ բանի բացահայտման ճանապարհային քայլ: Այգում չկան սովորական արահետներ կամ ծաղկաթմբեր. ամեն ինչ նվիրված է տիեզերքին և ապագայի աշխարհին՝ շատ տարօրինակ են արհեստական բլուրները, աստիճանները, կամուրջները, ինչպես նաև տիեզերական տարբեր մարմինների գծագրերը:

 

5. Արարման թանգարան. ԱՄՆ

 

Այս զբոսայգին ստեղծվել է՝ մարդկանց ցուցադրելու, որ Աստծո աշխարհի արարումը ոչնչով չի հակասում էվոլյուցիոն տեսությանը: Այգում կարելի է տեսնել դինոզավրերի հսկայական շարժվող մարմիններ, Նոյան Տապանի վիթխարի կրկնօրինակը, ապակեպատ ցուցասրահում կարելի է տեսնել աստվածաշնչյան պատմությունների իրական մասունքներ և դինոզավրերի և այլ վերացած կենդանիների իրական ոսկորներ: Այգու աշխատակիցները հավաստիացնում են, որ Աստված կարող էր ստեղծել դինոզավրերին այնպես, ինչպես մնացյալ կենդանիներին, սակայն նրանք, ինչ-ինչ պատճառներով, չեն վերապրել Մեծ Ջրհեղեղը:

 

6. Կեուկենհոֆ զբոսայգի. Նիդեռլանդներ

 

Կեուկենհոֆն, առաջին հերթին, աշխարհին հայտնի է կակաչի վիթխարի դաշտերով: Այստեղ 32 հեկտար տարածության վրա աճում է կակաչի ավելի քան 100 տարատեսակ: Կակաչներից բացի, այգում աճում են նաև այլ ծաղիկներ՝ յասաման, վարդեր, շուշաններ, խոլորձներ: Գարնանն այստեղ այցելում է ավելի քան 800 հազար զբոսաշրջիկ. կակաչների պահանջկոտության պատճառով՝ այգին բաց է միայն մարտ ամսից մինչև մայիս:

 

7. Ֆրանսիսկո Ալվարադո զբոսայգի. Կոստա Ռիկա

 

Այս զբոսայգին լանդշաֆտային դիզայնի իրական հրաշք է: Այստեղ կարելի է տեսնել նոճիներից պատրաստված փղեր, կապիկներ և այլ կենդանիներ, քնած կնոջ հսկայական կերտվածքը, որի դեմքը և մարմինը պարտաստված է մամռապատ քարերից: Սակայն այգում ամենագլխավորն առասպելական լաբիրինթոսն է՝ ձևավորված անհամար կամարներով և որտեղ կարելի է հանդիպել բազմաթիվ անակնկալների:

 

8. Ջուրոնգի թռչունների այգի. Սինգապուր

 

Ջուրոնգում հավաքված են թռչուններ ամբողջ աշխարհից: Այգու գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր թռչունների համար ստեղծված են իրենց բնական միջավայրին համապատասխանող պայմաններ, չկան վանդակներ և պատնեշներ: Օրինակ՝ պինգվինների համար զովացնող համակարգ է տեղադրված, ֆլամինգոների համար՝ մեծ, արհեստական ջրամբար: Թռչուններն այգում ապրում են իրենց բնական կյանքով՝ քնում են, սնվում, բազմանում: Զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում է թութակներին պատկանող հատվածը, որտեղ բնակվում են թութակների ավելի քան 110 տեսակ: Շատ հետաքրքրական է նաև արհեստական ջրվեժների հատվածը, որտեղ բնակվում են ավելի քան 1500 տեսակի թռչուններ:

 

9. Թզուկների թագավորություն. Չինաստան

 

Սա ավելի շուտ ոչ թե զբոսայգի, այլ գյուղ է, որտեղ միմիայն թզուկներ են բնակվում: Այգու տարածքում գործում է դպրոց, հիվանդանոց և խանութներ: Ժամանակ առ ժամանակ բնակավայրի դռները բացվում են այցելուների համար, և թզուկները հեքիաթային հագուստներ են հագնում, այցելուներին տանում և ծանոթացնում են իրենց տների հետ: Թզուկների տներն իրոք հեքիաթային, սնկաձև կառույցներ են: Այգին սպասարկում են միմիայն այգու բնակիչները:

 

10. Շախմատի այգի. Ճապոնիա

 

Ճապոնական Օսակա քաղաքի ջրանցքներից մեկի ափին կառուցված է Շախմատի այգին, որը նվիրված է սեղանի խաղերին: Արահետները, սեղանները և այգում գտնվող ամեն ինչ շախմատաձև է: Կան նաև հենց շախմատի, նարդու և շաշկիի տախտակներ: Զբոսաշրջիկների համար այգին այնքան էլ գրավիչ չէ, սակայն տեղաբնակների մոտ բավականին հայտնի է: Այգու կառուցման համար ֆինանսավորումը շատ փոքր ծավալի է եղել, այդ իսկ պատճառով այգին կառուցվել է էկոլոգիապես մաքուր և էժան պատրաստանյութերից: