Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց «Դյուդելանժ»-ի հետ:
Հանդիպման 22-րդ րոպեին մեր թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Լիման: Խաղի հետագա ընթացքն անցավ փոխնիփոխ գրոհներով ու թիմերից յուրաքանչյուրը կարող էր հաջողության հասնել, սակայն կամ դարպասապահներն էին հիանալի գործում կամ մարզական բախտն էր երես թեքում:
Այնուամենայնիվ, Լյուքսեմբուրգի ներկայացուցչին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը. 68-րդ րոպեին ցուցատախտակին 1:1 վառվեց Սինանիի հարվածից հետո:
Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին հաղթանակ պարգևեց Անտոնովը:
Այսպիսով, «Արարատ - Արմենիա»-ն կարևորագույն հաղթանակ տոնեց : Պատասխան խաղը կկայանա Լյուքսեմբուրգում:
«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ»՝ 2:1