Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ իրականցվում է քաղաքական իրավունքների սահմանափակում. Փաստաբան


Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ իրականցվում է քաղաքական իրավունքների սահմանափակում. Փաստաբան
Մարտ 28 12:01 2025

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր փաստաբան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ դատարանը կմերժի Գրիգորյանի հոր նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառումը։

«Հուսով եմ, որ ընտրությունների շեմին այդ շինծու, արհեստական գործով չի հաջողվի ճնշում իրականացնել, ինչը ներկայիս վարչախումբը փորձում է իրականացնել։

Նախկինում ընտրություններից առաջ նմանատիպ դեպքերի ականատես ենք եղել Վանաձորում, Վարդենիսում և այլ վարչական շրջաններում։ Այս անգամ մարտավարությունը փոխվել է, ընտրությունների նախօրեին է արվում՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի հաջողության հասնել, և կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրն արդեն ազատության մեջ կլինի»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, թե այն, ինչ իրականացվում է Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ՝ քաղաքական իրավունքների սահմանափակում է։

«Եթե քննիչի միջնորդությունը բավարարվի, սա ոչ միայն քաղաքական, այլև կենսական շատ իրավունքների սահմանափակում է»,-ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ, դատարանն էլ, հրատապ նիստ նշանակելու փոխարեն, այն նշանակել է մարտի 28-ին, ժամը՝ 11:30-ին։