Իսպանիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային թիմի գլխավոր մարզիչ Սանտի Դենիայի կարծիքով իր թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն, քանի որ խորապես ուսումնասիրել էր նախորդ բոլոր խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դենիան մասնավորապես փաստեց. «Ամբողջ մրցաշարի ընթացքում վերլուծել են մեր խաղը և ձգտել բարելավել այն: Նույն արեցինք նաև Ֆրանսիայի հետ կիսաեզրափակչի խաղից հետո: Մենք փորձեցինք հարձակվողներին ավելի շատ ներգրավել խաղի մեջ»:
Իսպանացի մասնագետը շեշտեց, որ եզրափակչից առաջ կարծիք է հարցրել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից, ով որոշ ժամանակ առաջ աշխատում էր Իսպանիայի ֆեդերացիայում:
«Ես տպավորված եմ Հայաստանով: Այս երկիրը լի է կյանքով: Մեծ հաճույքով նորից կայցելեմ»,-եզրափակեց նա:
Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան Տարոսի դուբլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և դարձավ չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով ռեկորդային 8-րդ անգամ: