Irakanum. am-ը գրում է․ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո արդեն երկու օր հանրությունը սպասում է «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը։ Այս ընթացքում Գրիգորյանի նկատմամբ հանրային ճնշումը գնալով աճում է՝ ընդ որում, տարբեր ուղղություններից։ Իշխանական քարոզչամեքենան փորձում է «ապացուցել» նախընտրական շրջանում իրենց կողմից շահարկվող թեզի՝ Մարտուն Գրիգորյանի ձայներով Վարդան Ղուկասյանին քաղաքապետ կարգելու իրավացիությունը, զուգահեռ շահարկել քաղաքական այդ զույգի «արյունոտ անցյալը»՝ Գրիգորյանից քաղաքապետի աթոռը խլելու, քավորի վրա կրակելու եւ մարդ սպանելու պատմությունները մոռանալու եւ երբեմնի քաղաքական հակառակորդին քաղաքապետ սարքելու մեջ։
Ընդդիմությունն իր հերթին նրանից ակնկալում է Գյումրիում հեղափոխություն իրականացնել։ Ուղիղ իմաստով՝ այս պահին Գրիգորյանից է կախված ոչ միայն Գյումրու արտահերթ ընտրությունների վերջնական ելքը, այլ թե քաղաքական ինչ հավասարակշռություն կձեւավորվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի երկրորդ քաղաքում։
Ինչ խոսք, այս տեսանկյունից Մարտուն Գրիգորյանի քաղաքական կշիռը մեծանում։ Եւ դրանով պայմանավորված՝ նաեւ քաղաքական պատասխանատվությունն է մեծ։ Ուստի սպասել, որ այդ որոշումը նա կկայացներ ոտքի վրա, անհեթեթություն է։
Չնայած ինտրիգին ՝ Գրիգորյանը շատ լավ հասկանում է, որ սոցցանցի ակտիվ հետեւորդներից, քաղաքապետի մրցակից թեկնածուներից, քաղաքական համախոհներից ու հակառակորդներից եւ էլի շատ շատերից առաջ նա նախ եւ առաջ կրում է պատասխանատվություն ի՛ր սեփական ընտրողի առջեւ։ Ահա այստեղ է ամբողջ խնդիրը։ Գրիգորյանից քաղաքական շրջահայացություն պահանջող քաղաքական ուժերը, գործիչները անգամ չեն պատկերացնում, թե համապետական մակարդակով իրենց լուծումները ինչ ընկալում կունենան լոկալ մակարդակում։ Նրանք հաշվի չեն առնում մեկ բան, որ իրենք կապ չունեն Գյումրիի հետ, չեն պատկերացնում քաղաքը, նրբությունները, նորմալ պատկերացում չունեն անգամ Գրիգորյան եւ Ղուկասյան ընտանիքների, նրանց դիրքի, հարաբերությունների մասին այդ քաղաքում։ Եւ եթե միայն խնդիրը լիներ անցյալը, ապա այդ հարցը շատ ավելի արագ կկարգավորվեր՝ ասենք Թեմի առաջնորդի քավորությամբ։ Սակայն, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։
Նախ «Մեր քաղաքը» դաշինքի ընտրողը ընտրել է Մարտուն Գրիգորյան անձին՝ առանց նրան ասոցացնելու որեւէ քաղաքական ուժի հետ։ Եւ հիմա նրա առաջ քաղաքական պահանջներ դնելը մեղմ ասած, անազնիվ է։ Նա երբեք չի քաղաքականացրել ընտրությունները, հակառակը՝ անձնավորել է, հայտարարել է, որ քաղաքական հոսանքներով չի առաջադրվել, այլ սեփական մղումով որպես գյումրեցի մտահոգ մարդ։
Երկրորդ՝ Գրիգորյանին ընտրել են մարդիկ՝ որպես ՔՊ-ի եւ նախկինների այլընտրանք։ Բայց մեծ մասամբ՝ որպես Վարդան Ղուկասյանի քաղաքական հակառակորդ եւ նրան քաղաքում զսպող, հակակշռող ուժ։ Որովհետեւ Գրիգորյան ընտանիքը տարիներ շարունակ այդ ընկալումն ունի Գյումրիում, եւ Գրիգորյաններն էլ այդ մասին շատ լավ գիտեն։ Ընտրարշավի ժամանակ էլ մի քանի անգամ հերքել են իշխանության թեզը, որ իրենք պատրաստվում են Ղուկասյանին քաղաքապետ սարքել ու Գրիգորյանի այս հերքմանը հավատալով՝ նրան ձայն են տվել։
Այս ամենից հետո Գրիգորյան թաղային ընտանիքը, որը հայտնի է իր պատվախնդրությամբ, պետք է ընտրողին բացատրություններ տա, թե ի՞նչ փոխվեց ու ինչո՞ւ։ Եւ հետո՝ Ղուկասյանին քաղաքապետ սարքելով՝ դադարո՞ւմ է արդյոք լինել հակակշռող, թե՞ կրում է նրա հետ հավասար պատասխանատվություն կառավարման, կամ միգուցե երաշխավորում է, որ Ղուկասյանը քաղաքում չի վերականգնի հին բարքերը․․․Սրանք շատ կարեւոր հարցեր են հենց իր՝ Գրիգորյանի համար առաջիկա խորհրդարանական ընտրություներից առաջ։ Արդյո՞ք նա չի փոշիացնում իր ձայները։ Խորհրդարանի ժամանակ կունենա՞ նույն վստահությունը։
Ամեն ինչ այնքան բարդ չէր լինի, եթե դոմինանտ ընդդիմադիր ուժը չլիներ Վարդան Ղուկասյանը, ում համար մինչեւ այսօր էլ «քյուֆուրը», «գնդակահարություններն» ու «գայթակղող ոտքերի պատճառով մեղքերի տակ ընկնելը» նորմալ մարդկային թուլություններ են։ Մյուս բոլոր ընդդիմադիր գործիչների դեպքում շատ հեշտ լուծելի էր այս խնդիրը։ Այնպես որ, Ղուկասյանի հետ միավորված ընդդիմադիրներն էլ շատ քաջ իմանալով ներքին այս «ռասկլադը»՝ հարվածի տակ դրեցին Գրիգորյանին՝ ստիպելով նրան դժվար ընտրություն կատարել։ Ընտրելով Ղուկասյանին քաղաքապետ՝ նա լավ է հասկանում, որ պատասխանատու է գյումրեցի բոլոր ընտանիքների առաջ։ Ի տարբերություն քաղաքական հայտարարություններ անողների՝ Գրիգորյանը, իր երեխաներով, թոռներով ապրում է Գյումրիում եւ Ղուկասյանի «քաղաքականությունն» ու դրա պտուղները ոչ միայն իր ընտանիքնն է ճաշակելու այլ նաեւ «իր վզովն է մնալու»։ Այնպես որ, Գյումրիում մեղմ ասած հարց է, ավելի վա՞տ է, որ Գրիգորյանը գործի «մեր Սարիկի» հետ, թե միանա Ղուկասյանին։
Քաղաքական դիսկուրսը ՔՊ-ի հետ փոշիացրին տեղի ապաշնորհ «գործիչները»։ Որովհետեւ բոլորին է հայտնի՝ ինչպիսին էին Սարիկ-Մարտուն հարաբերությունները Գյումրիում։ Գրիգորյանը նույնիսկ քարոզարշավի ժամանակ շատ զուսպ ու շրջահայաց էր գործում՝ չանցնելով «կարմիր գծերը», շփման հնարավորություն թողնում, վստահեցնում, որ իշխանության հետ կաշխատի։ Սակայն եղածը եղած է։ Մանր խարդավանքները, մանիպուլիացիան, շանտաժը եւ վերջապես հոր ու որդու ձերբակալումը փչացրին ամեն ինչ։
ՔՊ-ի հետ կոալիցիան նույնքան խայտառակ ընկալում կարող է ունենալ այս ամենից հետո, հատկապես ընդդիմադիր դաշտի՝ Ղուկասյանի շուրջ համախմբման ֆոնին եւ քաղաքական սպասելիքի ու ընկալման այս համատեքստում։
Սակայն մամուլի որոշ հրապարակումներ, թե ՔՊ-ն պատրաստ է ընտրել Մարտուն Գրիգորյանին որպես քաղաքապետ, սա արդեն բոլորովին այլ խոսակցություն է։ Իհարկե, այս մասին պաշտոնական ոչինչ չկա։ Երկու օրվա ընթացքում Մարտուն Գրիգորյանի միակ կարճ հայտարարությունը, թե «ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու», արդյոք կարո՞ղ է այս համատեքստում ընկալվել․․․Այո, կարող է։ Տեսականորեն չի բացառվում այս հնարավորությունը՝ հաշվի առնելով դարձյալ Սարիկ-Մարտուն «զույգին», հին քաղաքի թաղային քաղաքական առանձնահատկությունը եւ բոլոր այն ընդհանուր մարդիկ, որ ունեն այս երկու գործիչները։
Մարտուն Գրիգորյանը լուրջ մտածելու տեղ ունի նաեւ այստեղ։ Մերժելով քաղաքապետ դառնալու ենթադրյալ հեռանկարը, նա Ղուկասյանին կդարձնի քաղաքապետ՝ ոչնչի դիմա՞ց՝ փոշիացնելով նաեւ ձայները խորհրդարանականից առաջ, թե՞ այնուամենայնիվ կընդունի առաջարկը։
Երկու դեպքում էլ նրան կմեղադրեն, բայց հաստատապես ավելի դժվար է լինելու նրան մեղադրել , ասելով, որ նախընտրեց ինքը դառնալ քաղաքապետ, բայց անհավասարակշիռ մրցակցին չդարձրեց քաղաքապետ։
Ինչպե՞ս կաշխատի Գրիգորյանը․ քաղաքապետ՝ ՔՊ–ի մոտ, թե ԱԺ ընտրություններից առաջ կտիրապետի վարչական ռեսուրսների, դա էլ արդեն իրենից է կախված։