Այս պահին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում շարունակվում է բուժաշխատողների բողոքի ակցիան, որոնք պահանջում են վերադարձնել բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին։
«Արա Մինասյանը մենք ենք» բացականչություններով բուժաշխատողները պահանջում են, որ Արա Մինասյանը չհեռանա բուժհիմնարկից։ Բուժաշխատողների հետ միասին բողոքի ակցիային մասնակցում են նաև ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը։
«Թեև առողջապահության նախարարի աշխատասենյակում այսօր նստած է Արսեն Թորոսյանը՝ զբաղեցնելով նախարարի պաշտոնը, բայց ես հորդորում եմ այդքան էլ լուրջ չվերաբերվել նրան, որովհետև նա իր մանկամիտ պահվածքով, որոշումներով, շտապողականությամբ, իր գործառույթների ոչ բավարար գիտակցությամբ լիուլի վաստակել է, որ առողջապահական համակարգի աշխատողները լուրջ չվերաբերվեն առտղջապահության նախարարին», - հայտարարեց Ֆարմանյանը։
Նրա խոսքով, առողջապահության նախարարի կողմից «բացահայտ ուղղորդված և կամայական որոշումը» ձեռնոց է նետված որ միայն Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին, այլ առողջապահության ամբողջ համակարգին։
«Մենք կոչ ենք անում մյուս բուժաշխատողներին ևս իրենց ձայնը բարձրացնել նախարարի անպտուղ քաղաքականության դեմ, որովհետև առողջապահության նախարարը ի դեմս բժիշկների, պետք է տեսնի ոչ թե հանցագործներ, այլ գործընկերներ, որոնք բուժում է մարդկանց։ եթե այդուհանդերձ, ինչ-ինչ պատճառներով առողջապահության նախարարը կարծում է, որ ինքը նեոբոլշևիկ է, ապա իրեն հորդորում եմ կարդալ Գրիգորի Կամինսկիի կենսագրությունը՝ հասկանալու, թե ինչպիսի անփառունակ ավարտ են ունենում առողջապահության ոլորտում նոեբոլշևիկյան սկզբունքներ որդեգրած նարկոմները», -հայտարարեց Ֆարմանյանը։
Պատգամավորը նշեց նաև, որ մինչև ժամը 20։30-ը կսպասեն առողջապահության նախարարին։
Նշենք, որ առանց իրավապահ մարմինների իրավական գնահատականի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, թե հայտնաբերված խախտումների ծավալը հաշվի առնելով` Արա Մինասյանը ազատվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Բողոքի ակցիա կազմակերպած բուժաշխատողները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայությունը և բացատրություններ անձամբ նրանից։