ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շուրջ երեք ժամ տեւած դատական նիստը, որի ընթացքում քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը բողոքարկելու որոշումը հետաձգվեց մինչեւ վաղը: Դատական նիստին ներկա է գտնվել եւ ցուցմունք է տվել նաեւ ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովը: Դատական նիստից հետո Հարությունովը լրագրողների հետ զրույցում մեկ անգամ եւս շեշտեց, որ դատարանում ցուցմունք է տվել, պնդելով, որ իրեն եւ ոչ Գագիկ Ծառուկյանը եւ ոչ էլ Էդուարդ Բաբայանը չեն ծեծել: «Սաղ պատմեցինք ոնց է եղել, ինչ է եղել: Դատավորն էլ շատ ողջանմիտ մարդ է, եւ պետք է ճիշտը գրի եւ վաղն էլ մեր Էդիկը ազատության մեջ կլինի: Բայց քննիչն ու դատախազն ուզում էին սուտը ճշտի տեղ ներկայացնեին, բայց թե իմ դատապաշտպանը, թե Էդիկի պաշտպանը շատ լավ ելույթ ունեցան, եւ ինձ քվում է համատեզ ուժերով արդարությունը կվերականգնվի»,- ասաց նա: Հարությունովի փաստաբանն էլ ասաց, որ տուժողը ներկայացրել է դեպքի իրական մանրամասները, եւ եթե կան մեղավորներ ապա կենթարկվեն պատասխանատվության:
Հարությունովը պնդում է, ընկել է ներքեւ, իսկ իրեն փորձում են տուժող ներկայացնել: Ի դեպ վերջինս հաստատեց տեղեկություններն այն մասին, որ իր տանը օրեր առաջ խուզարկություն է կատարվել: Նրա խոսքով՝ փնտրել են թմրանյութ եւ զենք, սակայն որեւէ բան չի հայտնաբերվել
Էդուարդ Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Բաբայանի կալանավորումն անհիմն է: Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սկանդալային մանրամասներ: Մասնավորապես փաստաբանը պնդեց, որ դեղերի ազդեցության տակ է կորզվել Հարությունովից ցուցմունք, եւ ներկայացվել որպես իրականություն:
Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում: