ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի խորհրդական Լեւոն Մնացականյանը երեկ Ազգային ժողով է մուտք գործել «Դուխով» գրառումով գլխարկով եւ շարժման առաջին իսկ օրվանից միացած է ժողովրդի պայքարին։ Նա իր պատգամավոր Ավետ Սարգսյանին կոչ է անում հրաժարական տալ կամ միանալ պայքարին։
«Շարժման առաջին օրվանից միացած եմ եղել ժողովրդին, սակայն անձերի դեմ ոչ մի խնդիր չկա։ Ինչպես հայտարարել է այս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ոչ մի վենդետա չի լինելու, ոչինչ կոնկրետ անձի դեմ ուղղված չէ»,- Armday.am-ին ասաց Մնացականյանը։
Նա նշեց, որ ժողովրդի կողքին է հենց սկզբից։
«Ես պատգամավորի օգնական եմ, ֆինանսական ոչ մի խնդիր չունեմ, եւ պնակալեզություն անելու ոչ մի խնդիր չունեի։ Այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցող ցույցերն ասում են, որ Ավետ Սարգսյանը պետք է կամ հրաժարական տա, կամ քվեարկի Փաշինյանի օգտին»,- ասաց նա՝ հավելելով․
«Շփվել եմ տարբեր ազգի ներկայացուցիչների հետ ու հասկացել, որ շատերն ավելի լավ են ապրում, քան մենք, բայց մեր ազգն ավելի արժանի են՝ իրենց հատկանիշներով»։
Լեւոն Մնացականյանը նշեց, որ Լոնդոնում եւս ցույցեր են՝ ի աջակցություն համաժողովրդական շարժման։
«Լոնդոնում իմ ընկեր Հարություն Քոլյանը ցույցեր է կազմակերպել։ Նա մի քանի տարի է՝ բնակվում է Լոնդոնում, միշտ եղել է Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը»,- ասաց նա։