Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն «СПОРТ-ЭКСПРЕСС»-ին տված հարցազրույցում նշել է, որ հիանալի գիտի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավորությունները:
Մասնագետը նաև հավելել է, որ Բերեզուցկի եղբայրներն ու Սերգեյ Իգնաշևիչը կարող են կանգնեցնել Հայաստանի հավաքականի ավագին.
«Չեմ սիրում ինչ-որ դատողություններ անել առանց խորը վերլուծության:
Ես պետք է ուսումնասիրեմ: Մակերեսին «Արսենալի» հարձակողական գիծն է: Գիտենք, որ այնտեղ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:
- Ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է կանգնեցնեք, օրինակ, Մխիթարյանին:
- Ինձ շատ էր դուր գալիս Մխիթարյան-Օբամեյանգ զույգը, երբ դեռ Ռոյսն էլ նրանց հետ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Տուխելի օրոք նրանք հիանալի էին հարձակվում: Բայց հիմա նրանք այլ թիմում են: Հիանալի գիտեմ Մխիթարյանի հնարավորությունները: Կներդնենք առավելագույն ուժերը, որպեսզի չեզոքացնենք ոչ միայն Հենրիխին, այլև` հարձակման ամբողջ գծին:
- Բերեզուցկի եղբայրներն ու Իգնաշևիչը ունա՞կ են իրենց փորձի հաշվին փակելու Մխիթարյանին:
- Հարցն այնպես է հնչում, կարծես, թե մենք կարող ենք նրանց փոխարինել: Եթե Վասիլին, Ալեքսեյն ու Սերգեյը շարունակում են խաղալ այսպիսի բարձր մակարդակում, նշանակում է, իհարկե, ունակ են չեզոքացնելու նույն Հենրիխին: Դրանում կասկած չկա: Իսկ իմ խնդիրը նրանց ճիշտ ուղղորդելն ու պատրաստելն է:
Հիշեցնենք` այս թիմերը միմյանց հետ կմրցեն Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին Լոնդոնում, իսկ պատասխան մրցավեճը` ապրիլի 12-ին Մոսկվայում: