ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է նախօրեին ջահերով երթից առաջ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը, ինչպե՞ս կմեկնաբանեք, ՀՀ երրորդ նախագահ ասաց. «Հիմա շատ բան չեմ մեկնաբանում, դրա իմաստը չեմ տեսնում։ Այդ անձնավորությունն ինչ էլ ասի այդ առիթով, մեկ է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է։ Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրություն դարձնելը, անշնորհակալ գործ է»։
Հարցին՝ այն, որ դավաճան են, կարտացոլվի՞ 2026-ի ընտրություններում, Ս. Սարգսյանն ասաց. «Կարծում եմ կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը»։
Լրագրողի հարցին՝ փողոցային պայքա՞ր է սպասվում, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Այո»։
Մեկ այլ հարցի՝ ՀՀԿ-ն իշխանափոխության ուղղությամբ հստակ ծրագիր ունի՞, նա ասաց. «Մենք առանց ծրագրի չենք գործում։ Ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ իմաստ ունի հիմա այդ ծրագիրը հրապարակայնացնել»։
Հարցին՝ ինչո՞ւ է համոզված, որ Փաշինյանին հեռացնելու այս ծրագիրը հաջողությամբ կպսակվի, որովհետև Փաշինյանի պաշտոնավարումից հետո բազմաթիվ փորձեր են եղել, ընդդիմությունը չի հասցրել վերջնակետին, նա ասաց. «Միգուցե հարցը հասունցաված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են ու հարցը հասունացրել են»։
Իսկ թե ո՞վ է առաջնորդելու փողոցային շարժումը հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ով այդ առաքելությունը կարողանա ստանձնել»։
Հարցին՝ պատրա՞ստ է նորից ստանձնել երկրի ղեկավարումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ»։
Հարցին՝ «Ալեն Սիմոնյանը ձեզ ասում է՝ ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ հայելու մեջ նայեք, միգուցե ամաչեք», ինչ-որ բան կա՞, որի համար դուք կարող եք ամաչել, Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած այդ անձնավորությունը, նրա հետ 70-80 հոգի այդ մասին պետք է ընդհանրապես լռեն, որովհետև իրենք կկարմրեն, երբ որ նայեն հայելու մեջ»։