Ինչպես մենք թռանք հայկական դժոխք․ ռուս լրագրողի սարսափելի հիշողությունները (լուսանկարներ)


Ինչպես մենք թռանք հայկական դժոխք․ ռուս լրագրողի սարսափելի հիշողությունները (լուսանկարներ)
Դեկտեմբեր 7 15:30 2017

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը 25 հազար մարդու կյանք խլեց։ Ռուսական Komsomolskaya Pravda-ի լրագրող Նիկոլայ Վարսեգովը հիշում է, թե ողբերգության հաջորդ օրն ինչպես է թռել Հայաստան ու ինչ սարսափելի պատկերի է ականատես եղել։

«Այսօր դժվար է պատկերացնել, որ քառորդ դար առաջ մեծ երկրաշարժի մասին լուրը լրատվամիջոցներին միայն ժամեր անց էր հասնում։ Հայաստանի Սպիտակ, Լենինական, Կիրովական քաղաքներն ու բազմաթիվ գյուղեր դեկտեմբերի 7-ին, տեղի ժամանակով 11։41 րոպեին ավիրվել էին։ Եվ միայն երեկոյան ինձ մոտեցավ մեր լուսանկարիչ Վադիմ Նեկրասովն ու ասաց, որ լսել է, որ Հայաստանում երկրաշարժ է եղել, հնարավոր է, որ զոհեր կան։ Ես զանգահարեցի «Կարմիր խաչ», այնտեղից հաստատեցին լուրն ու ասացին, որ Լենինականում մի շարք շենքեր են փլվել, եւ իրենք թռչում են Երեւան։ Մենք Վադիմի հետ միացանք նրանց։ Երբ իջնում էինք ինքնաթիռից, մի ճիչ լսվեց, որը ողջ կյանքում հիշելու եմ․

«Աստված չկա հայերի համար, Աստված չկա»։ Երիտասարդ տղա էր գոռում։ Ամենուր շտապօգնության մեքենաներ էին, ընդունում էին Լեննականից թռչող ինքնաթիռներ, որոնք լի էին ծանր վիրավորներով։ Իջնում էին, իջեցնում վիրավորներին, էլի օդ բարձրանում։ Մենք մոտեցանք օդաչուներից մեկին, խնդրեցինք, որ հետը տանի Լենինական։ «Հիմա,միայն ինքնաթիռի ներսի արյունը մաքրեմ»։ Երկու դույլ ջուր բերեց, լցրեց ինքնաթիռի մեջ, արնագույն ջուրը թափվեց դուրս․․․

Լենինականի օդանավակայանում մենք նստեցինք «շտապօգնության» մեքենա ու գնացինք քաղաք։ Այստեղ-այնտեղ խարույկներ էին, որոնց շուրջ մարդիկ էին նստած։ Ուզում էի մոտենալ խարույկներից մեկին, ոտքս ինչ որ բանի դիպավ, սայթաքեցի ու ընկա։ Տեսա, որ դիակի եմ բախվել, հետո էլ ընկել եմ դիակների կույտի վրա։ Ոչ շոկ էր, ոչ սրտխառնոց զգացի, ինչպես նման դեպքերում կարող է լինել․․․

Լույսը բացվում էր։ Վադիմն անհետացել էր, եւ նրան այդպես էլ չտեսա մինչեւ Մոսկվա վերադառնալս։ Քայլում էի փողոցներով։ Մայթին տղամարդու դի էր՝ առանց գլխի։ Եկեղեցին էր փլվել։ Տարօրինակ է, միանման շենքեր կային՝ իրար կողքի, մեկը փլվել էր, մյուսը բացարձակ անվնաս էր։ Փլատակների տակից երիտասարդ աղջկա էին իջեցնում, կիսամերկ էր, վրան ծածկոց էր գցած, ոտքը կոտրված էր։ Հրաշք էր, որ մինուս 7 աստիճանում մի ամբողջ օր մնացել էր փլատակների տակ ու չէր ցրտահարվել։

Բոլորն ամեն ինչի վրա զարմանում էին։

Հետո էլի շատ ու շատ սարսափելի տեսարանների ականատես եղա։ Բայց առաջին օրը հատկապես է տպավորվել։

Շատ տարիներ անց ես կրկին եղա Լենինականում, որ հիմա Գյումրի է կոչվում։ Քաղաքը վերականգնել են։ Ես շատերին, ովքեր վերապրել էին երկրաշարժը, հարցնում էի՝ ինչպես չեք վախենում նման վախենալու վայրում ապրել։ Իսկ եթե հանկարծ կրկնվի՞։

Եվ մարդիկ մեծամասամբ պատասխանում էին՝ Ամեն ինչ Աստծո կամքով է։ Կրկնվի էլ, ինչ արած։ Ով ողջ մնա, նորից կվերականգնեն քաղաքը․․․