Ողբերգական դեպք․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի (քոլիկ) կրակը, հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին


Ողբերգական դեպք․ հրշեջներն ու քաղաքացիները, մարելով հողամասում եղած տնակի (քոլիկ) կրակը, հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին
Սեպտեմբեր 27 23:52 2025

Այսօր սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Մաշտոցի փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում, որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալեքսեյ Մկրտչյանն ու Սարգիս Խաչոյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս պահին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ, հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։