SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ անչափահասին առևանգել են և ծեծի ենթարկել։
Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 44-ամյա Մերի Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում իր որդուն՝ 14-ամյա Վ․ Մ․-ին, ոմն Կառլենը և Գևորգը իր կամքին հակառակ, ուժ գործադրելով՝ Մահարի փողոցում գտնվող քարի արտադրամասից առևանգել և տարել են «Ազատի» ջրամբարի հարակից տարածք, ստիպել են, որ խոստովանի Մահարու փողոցում վերջերս կատարված գողությունում իր մասնակցությունը։
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլենը հանդիսանում է Երևանի բնակիչ 29-ամյա Կառլեն Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու, Գևորգի ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։