Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց.
«Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-ը), որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը»։
Ալիևը այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, չի ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության տարածք։
Քանի որ դա ըստ էության միջանցք է և հայկական վերահսկողություն չի ունենալու՝ Լաչինի միջանցքի տրամաբանության նման, Ալիևը միգուցե համարում է, որ այն դե յուրե պատկանում է ՀՀ-ին, բայց դե ֆակտո մեր պետությունը որևէ հսկող մեխանիզմ չի կիրառելու։
Իր խոսքում Ալիևը անգամ չի նշում, որ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ լինելու է Հայաստանի տարածքով անցնող «միջանցքով»։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանը գործընկերներին բացատրում էր, որ Ալիևը սխալ բառապաշար է օգտագործում՝ արդարանալով, թե իբր իրենք այդպես չէին պայմանավորվել։
Հիմա Ալիևը ասում է, որ TRIPP-ը անցնում է Զանգեզուրի միջանցքով․ ինչո՞ւ եք լռում…
Ես օգոստոսի 8-ի գիշերը հստակ հայտարարել եմ, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնել է միջանցքը, և դա ամեն օր ապացուցվում է նոր ի հայտ եկող ուղղակի և հարակից փաստերով»։