Ի՞նչ էր խանգարում Ձեզ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, որ ցանկանում եք այդ էջը փակել և հաստատել Հայաստանի 4-րդ Հանրապետություն, համագումարից հետո ՔՊ ընդունած հռչակագրին հղում անելով՝ լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Երրորդ Հանրապետությունը մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց մենք նոր փուլ ենք թևակոխում։ Եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, դրանցից, թերևս, առաջնայինը խաղաղությունն է։ Նոր կտակարանում ասվում է՝ «Նոր գինին՝ նոր տիկերի մեջ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ խոսքը գնում է 4-րդ Հանրապետության հաստատման քայլերի մասին, քանի որ 4-րդ Հանրապետությունն արդեն իսկ, ըստ նրա, հաստատված է։
«Հաստատված է խաղաղությամբ, Ալմաթիի հռչակագրի վերահաստատմամբ, 4-րդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով ու Ոսկեպարի եկեղեցով, և մենք այդ քաղաքական բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մասը։ Ըստ էության, դա գալիս է լրացնելու նոր Սահմանադրության օրակարագը, ԵՄ-ին անդամագրվելու քայլերի ակտիվացումը...»,-ասաց նա։